23.11.2024
Վիեննայում հայ և ադրբեջանցի դիվանագետների մասնակցությամբ քննարկվել է ԼՂ խնդիրը
prev Նախորդ նորություն

Հրանտ Դինքի սպանության գործով 86 մեղադրյալներից միայն 30-ն են կալանքի տակ

Ստամբուլի թիվ 14 ծանր հանցագործությունների դատարանում նախօրեին մեկնարկել է պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նստաշրջանը:


Ինչպես հայտնում է «Ակօս»-ը, Դինքի սպանության գործով մեղադրյալների թիվը հասել է 86-ի: Նրանց թվում է նաև Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպիչը համարվող կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, ով բնակվում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում։


Հայտնի է, որ 86 մեղադրյալներից 30-ը կալանքի տակ են գտնվում։


Նախօրեին կայացած նիստում ընթերցվել են բոլոր մեղադրյալների մեղադրական ակտերը, նիստին ներկա է գտնվել նաև Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։


Աղբյուրը հաղորդում է, որ այսօրվա նիստում հնարավոր է պաշտպանական ճառերով հանդես գան մեղադրյալներից Թուրքիայի հետախուզական կոմիտեի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Ալի Ֆուաթ Յըլմազերը, Ռամազան Աքյուրեքը, Էրջան Թունջելն ու Ռեշաթ Ալթայը։


Հիշեցնենք, պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին  Ստամբուլիում՝  «Ակօս» թերթի խմբագրատան առջև: Սպանողը 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթն է: Դատավարությունը ձգվում է արդեն 10 տարի: