25.11.2024
Jane’s Defense Weekly. ՌԴ–ն Ադրբեջանին է մատակարարել 12 հատ «Хризантема-С» համալիրներ
prev Նախորդ նորություն

Վրաստանի խորհրդարանը ենթարկվել է կիբեռհարձակման. կոտրել են պատգամավորների էլփոստերը

Վրաստանի խորհրդարանի պատգամավորների էլեկտրոնային փոստային հասցեները ենթարկվել են կիբեռհարձակման: Այդ մասին հայտնել է «Ռուսթավի 2» հեռուստալիքը, գրում է newsgeorgia.ge կայքը:


Հեռուստաընկերության տվյալներով՝ նախօրեին բազմաթիվ վրացի պատգամավորներ միաժամանակ sms հաղորդագրություններ են ստացել կիբեռհարձակման մասին, որոնցում նրանց խնդրել են խուսափել էլեկտրոնային փոստի օգտագործումից:


«Կարծես բոլոր խորհրդարանականները ստացել են հաղորդագրություններ: Հավանաբար բանն այն է, որ հարձակում է տեղի ունենում, կան շատ վիրուսային նամակներ, և դա սպառնում է համակարգի պաշտպանությանը: Երեկ մեզ հայտնել են սահմանափակման մասին, իսկ այսօր՝ այն մասին, որ ամեն ինչ կարգավորված է»,- լրագրողներին ասել է խորհրդարանի պատգամավոր Սերգո Ռատիանին:


Տվյալներ այն մասին, թե պատգամավորների կամ խորհրդարանի սերվերից օգտվող աշխատակիցների քանի էլեկտրոնային փոստի հասցե է կոտրվել, չի հաղորդվում: Վրաստանի ՆԳՆ-ում հայտարարում են, որ փորձում են պարզել դեպքի հանգամանքները:


Նախօրեին հարձակման է ենթարկվել նաև դանիական Maersk Group ընկերությունը, որին պատկանում է Փոթիի նավահանգստի սեփականատեր APM Terminals ընկերությունը: Ամբողջությամբ անջատվել են IT համակարգերը նաև այլ նավահանգիստներում և տերմինալներում, որոնք պատկանում են ընկերությանն աշխարհի տարբեր երկրներում: Այժմ Փոթիի նավահանգիստը հաշվառումն իրականացնում է ձեռքով:


Հաղորդվել է, որ խոսքը Petya անունը ստացած վիրուսի մասին է, որը պահանջում է գումար փոխանցել համակարգի հասանելիությունը վերականգնելու դիմաց:


Հաքերների հարձակումը սկսվել է երեքշաբթի՝ ամբողջ աշխարհով մեկ ընկերությունների՝ այդ թվում ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության վրա: Առավելապես մաստշաբային հարձակման են ենթարկվել ուկրաինական ընկերությունները: