Թուրքիան կպարսպապատի Հայաստանի և Իրանի հետ սահմանը. նոր մանրամասներ
Սիրիայի հետ սահմանին անվտանգության պատ կառուցելուց հետո Թուրքական իշխանությունները նման ծրագիր են սկսել նաեւ Հայաստանի եւ Իրանի հետ սահմանին,- գրում է anfturkce.net-ը:
Հայաստանի եւ Իրանի հետ սահմանին պատ կառուցելուց բացի Թուրքիան նախատեսում է ներդնել նաեւ ինտեգրացիոն սահմանային անվտանգության համակարգ. սա նշանակում է շուրջօրյա վերահսկողություն նշյալ սահմանների նկատմամբ: 2017-ի հունվարին Թուրքիայի ներքաղաքական կուլիսներում հայտնի դարձավ, որ երկրի պաշտպանության եւ ֆինանսների նախարարությունները համատեղ որոշում են կայացրել, որ հայ-թուրքական սահմանը կպարսպապատվի Արդահան, Կարս եւ Իգդիր քաղաքների կողմից։ Դրանից որոշ ժամանակ անց Եվրամիության եւ Թուրքիայի համաֆինանսավորմամբ ականազերծման աշխատանքներ են սկսվել Թուրքիայի՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Իրանի հետ սահմանակից տարածքներում:
Պատասխանելով Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր Հանրապետաժողովրդական կուսակցության պատգամավոր Մահմութ Թանալի հարցին երկրի Պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքին հաստատել է՝ Թուրքիան պատրաստվում է Հայաստանի եւ Իրանի հետ սահմանին անվտանգության պատ կառուցել:
Անվտանգության պատի կառուցման մասին տեղեկություններ էր հրապարակել նաեւ Թուրքիայի իշխանություններին մոտ կանգնած թուրք հայտնի սյունակագիր Աբդուրքադիր Սելվին, որը Hürriyet-ում գրել էր. «PKK-ն թուրք-իրանական սահմանին ռազմական ճամբարներ ունի, որտեղից զինյալները ներխուժում են Թուրքիա, գործողություններ իրականացնում եւ վերադառնում: Սրան վերջ տալու համար Աղրը-Իգդիր սահմանը կփակվի 70կմ-ոց պատով»: