Ճիշտը պարտք վերցնելն է. ՀՀ արտաքին պարտքը 2016-ին կազմել է $4.3 մլրդ
Հայաստանի պետական պարտքը 2016-ին տվյալներով կազմել է $5.9 մլրդ, որից արտաքին պարտքը՝ $4.3 մլրդ: Այս մասին Ազգային Ժողովում 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Ներկայացված թվից $5.4 մլրդը կազմում է կառավարության պարտքը, $505 մլնն՝ Կենտրոնական բանկի պարտքը, իսկ ներքին պարտքը՝ $1.137 մլրդ: Ինչ վերաբերում է արտաքին պարտքին, ապա Արամյանը նշել է, թե անվանական առումով պարտքի մեծացումը խնդիր չէ, քանի որ «եթե եկամուտներդ չեն հերիքում, որպեսզի ծախսերդ կատարես, ապա պիտի պարտք վերցնես».
«Մենք շարունակելու ենք պարտք վերցնել, քանի որ այն անհրաժեշտ է տնտեսական աճ գրանցելու համար: Ճիշտ քաղաքականությունը պարտք վերցնելն է», - հայտարարեց Վարդան Արամյանը:
Ֆիննախի պարզաբանեց, թե որն է այդ ճիշտ քաղաքականությունը. պարտք-ՀՆԱ ցուցանիշը պետք է կայունանա շնորհիվ ՀՆԱ-ի աճի և այս իմաստով Հայաստանը պետք է զերծ մնա Հունաստանի ձախողումը կրկնելուց, որն առանց բարեփոխում անելու գնաց պարտքի կտրուկ կրճատման, ինչն ավելի խորացրեց իրավիճակը: Այնպես որ, կրկնեց նա, ճիշտը պարտք վերցնելն է՝ շեշտադրելով կապիտալ ծախսերը և վերաիմաստավորելով ընթացիկ ծախսեր: