Բաքվում ավարտվել է բլոգեր Լապշինի գործով նախապատրաստական դատական նիստը
Բաքվում ավարտվել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով նախապատրաստական դատական նիստը: ԱՊԱ հաղորդմամբ, նիստում ճշտվել են մեղադրյալին վերաբերող տվյալները:
Լապշինը հայտարարել է, որ հանդիսանում է Իսրայելի, Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի: Նրա խնամքին է գտնվում մանկահասակ երեխա: Լապշինը հայտարարել է նաև, որ ծանոթացել է մեղադրական ակտին: Նրա կողմից բնակության վերջին վայրն է նշվել Իսրայելը:
Նշվում է, որ բլոգերի փաստաբանը որևէ միջնորդություն չի ներկայացրել: Նախնական նիստը նշանակված է հունիսի 30-ին:
Հիշեցնենք, Ռուսաստանի և Իսրայելի, Ուկրաինայի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում Ադրբեջանի պահանջով, քանզի նա ներառված է այդ երկրի «սեւ ցուցակում»՝ Լեռնային Ղարաբաղ այցելության համար։ 2015-ին նա Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով այցելել է Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա՝ ուկրաինական անձնագրում նա գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:
Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը:
Ռուսաստանը եւ Իսրայելը փորձել են հասնել արտահանձնման որոշման չեղարկմանը: Սակայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջերս կայացած մամուլի ասուլիսից հետո ակնհայտ էր, որ Լապշինին կարտահանձնեն:
Փետրվարի 7-ի երեկոյան Ալեքսանդր Լապշինին Բաքու են տեղափոխել: