24.11.2024
Հայաստանում սիրողական օդաչուներ կպատրաստեն
prev Նախորդ նորություն

ԱԺ-ն ընդունեց կառավարության 2017-2022թթ. ծրագիրը

Նախօրեին Ազգային Ժողովը արտահերթ նիստում սկսեց քննարկել ՀՀ կառավարության գործունեության 2017-2022թթ. ծրագիրը, որը բուռն քննարկումներից հետո այսօր ընդունվեց:


Փաստաթուղթն ընդունվեց 64 կողմ, 31 դեմ ձայների հարաբերակցությամբ:


Քննարկումը ուղեկցվեց ընդդիմության  և քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների միջև բանավեճով: Դրա գագաթնակետը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի և Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի փոխհրաձգությունը՝ ուժ կիրառելու սպառնալիքով:


Մասնավորապես, երբ Բաղդասարյանը կառավարության ծրագրի վերաբերյալ ելույթ էր ունենում խմբակցության անունից, նա հորդորեց ԱԺ նորաթուխ պատգամավորներին հեգնանքով չխոսել կառավարության ու նրա ղեկավարի մասին: Վահրամ Բաղդասարյանը հիշեցրեց լուսահոգի Վահան Հովհաննիսյանի հայտնի ելույթը՝ «դալանների տակ ծեծելու մասին», սակայն դալան բառի փոխարեն օգտագործեց «պադյեզդ» բառը: Նիկոլ Փաշինյանը բորբոքված արձագանքեց տեղից,  ինչին Բաղդասարյանը պատասխանեց՝ դու նորաթուխ չես է, դու բավականին փորձառու ես:


«Եկեք գնանք պադեզդներում խոսանք, ընենց կխոսեմ պադեզդներում՝ աչքներդ կչռվի, տենց բաներ մեր մասին չասեք»,- շարունակեց Փաշինյանը: Վահրամ Բաղդասարյանը կրկին պարզաբանեց, որ իր ասածը Նիկոլ Փաշինյանին չէր վերաբերում. «Նիկոլ, քու մասին չի, խի ես վրեդ վերցնում»: Փաշինյանը կրկնեց. «Ասացի՝ մեր մասին տենց չխոսեք»:


«Դե լավ, քո մասին էր»,- ընդդիմադիր գործընկերոջ հետ համաձայնեց Վահրամ Բաղդասարյանը: Բայց Փաշինյանը չհանդարտվեց. «Շշով կտամ, վաբշե…: Բա պադեզդի մակարդակ ես ուզում, եկեք գնանք խոսենք»: Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Լավ, կարգի հրավիրեք այս երիտասարդին»: «Ելք» խմբակցության ղեկավարը նույն տոնով հակադարձեց. «Երիտասարդը դու ես»:


Վեճի ողջ ընթացքում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը փորձում էր հանդարտեցնել իրավիճակը:


Նշենք, որ նախօրեին Ծառուկյան դաշինք խմբակցության անունից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու ծրագրին, քանզի վարչապետի խոստացված գոլերի  փոխարեն մինչ օրս ականատեսն ենք լինում միայն ինքնագոլերի: