Մենք կարող ենք լուծել այդ խնդիրները և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում. Լուկաշենկո
ՀԱՊԿ տարածաշրջանում խնդիրներն անհրաժեշտ է ինքնուրույն լուծել՝ առանց օտարերկրյա պետությունների միջամտության: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպմանը, հայտնում է belta.by-ն:
«Շատ լավ կլիներ, եթե մեզ մոտ առկա խնդիրները մենք ինքներս լուծեինք: Սեղանի շուրջ՝ Մինսկում, Մոսկվայում, Երևանում, ՀԱՊԿ երկրների այլ քաղաքներում: Որպեսզի չլինի ինչ-որ այլ պետության, խմբերի, կլոր սեղանների ազդեցությունը: Առավել ևս, որ մենք կարող ենք լուծել այդ խնդիրները և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում: Դա մեր խնդիրներն են: Մենք դրանք պետք է լուծենք՝ առանց օտարերկրյա քաղաքական բյուրոների և միջամտությունների»,- ընդգծել է Բելառուսի նախագահը, գրում է tert.am-ը:
Լուկաշենկոն նշել է, որ եթե հաջողվեր հանգուցալուծել անհանգստություն առաջացնող իրավիճակները և անկայունության կետերը ՀԱՊԿ տարածքում, ապա կազմակերպության հեղինակությունը զգալի կաճեր: «Անկասկած է, որ միայն համատեղ ջանքերով մենք կկարողանանք ապահովել մեր ազգային շահերի պաշտպանությունը»,- ընդգծել է Բելառուսի նախագահը:
Նրա խոսքով՝ այդ առումով շատ բան է կախված անվտանգության խորհուրդների քարտուղարներից, ինչը պայմանավորված է նրանց հատուկ լիազորություններով և պետությունների ղեկավարներին անմիջական ենթակայությամբ: