25.11.2024
Երևանում կգործի «Զվարթնոց» օդանավակայան ողևորվող փորձնական երթուղին
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Գագիկ Ծառուկյանը փորձել է զսպել Հովիկ Աբրահամյանին՝ «մի բզբզա»

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ Արգամ Աբրահամյանը լուսանկարներ է տեղադրել Արտաշատի փողոցներում ասֆալտապատման աշխատանքների մասին, գրելով․ «Ես խոստացել էի, որ չեմ հեռանում Արտաշատից եւ շարունակելու եմ ընտանիքիս անձնական միջոցներով բարեկարգել եւ ավելի հարմարավետ դարձնել մեր մարզկենտրոնը...»։ Սա վկայում է այն մասին, որ Աբրահամյանները հեշտ չեն հանձնելու Արտաշատը։ Ի դեպ, Աբրահամյանի թիմակիցները ոգեւորված են իշխանության «նահանջից»՝ շաբաթներ առաջ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումն արդեն որոշված հարց է եղել, սակայն ինչ-որ բան խանգարել է, եւ մինչ օրս ԺՊ չեն նշանակել։ Մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը փորձել է Արտաշատի հարցում զսպել Հովիկ Աբրահամյանին՝ «մի բզբզա»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Հարությունյանը ձեռնամուխ է եղել կադրային փոփոխությունների: Նա նախարարության ղեկը տվել է իրեն ամենուր ուղեկցող, հիմա էլ կառավարությունից ԱՆ տեղափոխված եւ իր խորհրդական նշանակված Նունե Խաչատրյա­նին, եւ այժմ նա է ամեն ինչ որոշում՝ կադրային հարցերից մինչեւ փոստի ստուգում: Ֆինանսական հարցերն իր ձեռքը վերցնելու համար Դավիթ Հարությունյանն ազատվել է նախարարության գլխավոր հաշվապահից, ում մասին կոլեգաներն ասում են՝ «համեստ, խելոք կին է»: Այժմ վտանգի տակ է տեղակալ Վիգեն Քոչարյանը, ում հետ Հարությունյանը հակված չէ աշխատել: Արդարադատության նորանշանակ նախարարը ոչ միայն հայեցողական պաշտոններ զբաղեցնողներից է մտադիր ազատվել, այլեւ երկրորդ էշելոնից: Աշխատակիցները վհատված պատմում են, որ վտանգի տակ են անգամ քաղծառայողները, որոնք պետք է ատեստավորվեն: Նրանք ինֆորմացիա ունեն, որ Դավիթ Հարությունյանը Նունեի միջոցով Քաղծառայության խորհրդին հրահանգել է քննություններից կտրել ոմանց, քանի որ «իր մարդկանց պետք է բերի այդ պաշտոններին»:


«Իրավունք» թերթը գրում է. «Նախորդ շաբաթ խորհրդարանում Հակակոռուպցիոն մարմնի ստեղծման մասին հարցի քննարկման ժամանակ ՀՅԴ-ական Անդրանիկ Կարապետյանի մտքի «գոհարներն» այն մասին, թե այն հայերիս հարիր չէ եւ նման է «գործ տալու» ինստիտուտի, բավական լայն արձագանք էր գտել: Ուշագրավ էր այն, որ վերոնշյալի մասին ՀՅԴ-ական կարկառուն ներկայացուցիչները բավական չեզոք մեկնաբանություններ էին տվել՝ նաեւ ակնարկելով, որ Ա. Կարապետյանը կուսակցական չէ եւ ընտրվել է վարկանիշային ընտրակարգով: Բայց պարզվում է՝ ՀՅԴ-ն միայն այսքանով չի սահմանափակվել եւ որոշել է լրիվ «ձեռքերը լվանալ» Ա. Կարապետյանից: «Իրավունքը» երեկ խորհրդարանում նկատեց, որ Ա. Կարապետյանի աշխատասենյակը ոչ թե ՀՅԴ-ական պատգամավորների շարքում է, այլ ճիշտ հակառակ ուղղությամբ: Հարազատ խմբակցության պատգամավորների փոխարեն, երիտասարդ պատգամավորի աշխատասենյակը հայտնվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի եւ «Ծառուկյան» դաշինք ծխորհրդարանական խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի աշխատասենյակների արանքում: Համաձայնեք, որ թեպետ երիտասարդ պատգամավորը զրկվել է ՀՅԴ-ական ընկերակցությունից, բայց լիովին իրեն ապահովագրել է, քանի որ հարեւանությամբ «գործ տվողներ» հաստատ չեն լինի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտի շքեղ առանձնատան կողքին մի նոր, ոչ պակաս շքեղ կառույց է վեր խոյանում։ Հիշեցնենք, որ այս թաղամասի մեկը մյուսից շքեղ առանձնատների տերերն են Գագիկ Բեգլարյանը, Վարդան Հարությունյանը, ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը, Վովա Գասպարյանը եւ այլք։ Մենք հարցում էինք ուղարկել Երեւանի քաղաքապետարան, թե ում է պատկանում նորակառույցը, մեզ պատասխանել են․ «Արաբկիր վարչական շրջանի Արաբկիր 29-րդ փողոցին հարող տարածքում գտնվող 1500.0 քմ եւ 1800.0 քմ մակերեսով հողամասերը սեփականության իրավունքով պատկանում են Վահան Հարությունյանին եւ Տիգրան Հարությունյանին», որոնց համար առկա են․ «Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի․․․ տված ճարտարապետահատակագծային առաջադրանքները, եւ դրանց հիման վրա տրված․․․ շինթույլտվությունները»։ Խոսքը Սերժ Սարգսյանի մտերիմ Միշա Հարությունյանի՝ «Միկմետալի» Միշայի որդիների մասին է։ Վահան Հարությունյանը նաեւ ԱԺ պատգամավոր է»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ 6-րդ գումարման Ազգային Ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Ծառուկյան» պատգամավորական խմբակցության անդամ Դավիթ Մանուկյանն Ազգային Ժողովի իր աշխատասենյակը մի քանի օր առաջ սկսել է վերանորոգել: Armtimes.cօm-ն այսօր ԱԺ-ում արձանագրեց, որ Մանուկյանի աշխատասենյակում վարպետներն ինտենսիվ աշխատում են, աշխատասենյակի գույքը դրված էր միջանցքում: Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ պատգամավորներին թույլատրվել է սեփական միջոցներով վերանորոգել իրենց աշխատասենյակները՝ պայմանով, որ դրանք պետք է կրեն բացառապես կոսմետիկ բնույթ։ «Այսինքն՝ հիմնական նախագծից որեւէ շեղում չի կարող կատարվել։ Միաժամանակ հարկ եմ համարում տեղեկացնել, որ այն պատգամավորները, ովքեր ցանկություն են ունենում վերանորոգել իրենց աշխատասենյակները, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի հետ համաձայնեցնելուց հետո կատարում են վերանորոգման աշխատանքները»,- փոխանցեց Արսեն Բաբայանը: Նշենք, որ Դավիթ Մանուկյանը «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դստեր ամուսինն է, Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին»: