Բաքվի բրենդ է առաջացել՝ ասել մի բան, անել՝ լրիվ այլ բան. Նալբանդյան
Բաքվի բրենդ է առաջացել՝ ասել մի բան, անել՝ լրիվ այլ բան: Այս մասին Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հերթական հայտարարությունն առ այն, թե ԼՂ հակամարտությունում ստատուս քվոն այլևս անընդունելի է:
Նրա խոսքով՝ Բաքվի բրենդ է առաջացել՝ ասել մի բան, անել՝ լրիվ այլ բան: «Ինձ մոտ տպավորություն է, որ ադրբեջանցի պաշտոնյաները յուրահատուկ տաղանդ ունեն՝ ֆիքսվել մի բանի վրա, անընդհատ կրկնել դա՝ արժեզրկելով ասածի իմաստն ու անելով լրիվ հակառակը։ Ո՞վ է խոչընդոտում պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք հնարավորություն կտան առաջ շարժել բանակցային գործընթացն ու փոխել ստատուս քվոն», - ասաց նա:
Նա հիշատակեց, որ Ադրբեջանի արտգործնախարարությունն անգամ չի պահպանում համատեղ համաձայնեցված մամուլի հաղորդագրության բովանդակությունը հրապարակելու մասին պայմանավորվածությունը: Էդվարդ Նալբանդյանը նաև նշեց, որ Սանկտ Պետերբուրգի եռակողմ հանդիպումից հետո ևս ադրբեջանական կողմը մեկնաբանությունը տվեց հանդիպմանը, ինչը Մոսկվայի արտգործնախարարը «այլասերում» անվանեց: «Իրենք երևակայությամբ են առաջնորդվում, մենք՝ փաստերով»,- նշեց Էդվարդ Նալբանդյանը:
Անդրադառնալով Բաքվի կողմից պարբերաբար մեջբերվող ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերին՝ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը հիշեցրեց՝ դրանք հենց 4-ն են, և Ադրբեջանն է մշտապես հրաժարվել իրականացնել նախորդ ընդունվածները։
«ՄԱԿ անվտանգության խորհրդի բանաձևերը 4-ն են, քանի որ, երբ դրանք ընդունվում էին, ամեն բանաձևից հետո Ադրբեջանը հրաժարվում էր կատարել նախորդը։ Բացի այդ, խոսքը չէր գնում բանակցային գործընթացի մասին, դրանք ուղղված էին ռազմական գործողությունների դադարեցմանն ու զինադադարի հաստատմանը», - ասաց ՀՀ արտգործնախարարը։