ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կարևորեց այն փաստը, որ Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը պաշտոնական այցով Հայաստանում է Էստոնիայի՝ Եվրամիության խորհրդի նախագահությունը ստանձնելու նախաշեմին:
«Էստոնիան խորհրդի նախագահությունը ստանձնելու է հուլիսի 1-ից։ Այդ ընթացքում Հայաստանը նախատեսում է Եվրամիության հետ ստորագրել շրջանակային փաստաթուղթը», - ասաց Նալբանդյանը։ Նա ընդգծեց՝ Էստոնիայի հետ հարաբերություններում կա բավականին չօգտագործված ներուժ։ «Օրինակ՝ մեր առևտրական շրջանառությունն անցած տարի կազմել է 10 մլն։ Դա շատ ցածր թիվ է, սակայն կարծում եմ՝ մեր ներուժը շատ ավելի մեծ է», - ասաց Նալբանդյանը՝ հույս հայտնելով, որ այն կօգտագործվի։
Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը ևս ընդգծեց՝ Հայաստանի և Էստոնիայի միջև համագործակցությունում կա չօգտագործված ներուժ։ «Այն ես տեսնում եմ հատկապես տնտեսական ոլորտում», - ասաց Միկսերը։ Անդրադառնալով Էստոնիայի՝ ԵՄ խորհրդի նախագահությանը, նա նշեց՝ «Էստոնիան ունի նախագահության բավականին հավակնոտ ծրագիր»։ Նա նաեւ հույս հայտնեց, որ Եվրամիության խորհրդի նախագահության շրջանում, որը կտեւի վեց ամիս, Հայաստանը կստորագրի ԵՄ-ի հետ նախաստորագրված
Նշենք, որ ամիսներ առաջ Հայաստանն ու ԵՄ-ը նախաստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Միևնույն ժամանակ կողմերն անդրադարձան Հայաստան-Եվրամիություն վիզային ռեժիմի դյուրացման հարցին: Սվեն Միկսերըհայտարարեց, որ Էստոնիան շահագրգռված է, որ Հայաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի դյուրացման գործընթացն արագ ընթանա: Նրա խոսքով, այս տարվա երկրորդ կեսից, երբ Էստոնիան վերցնի Եվրամիության խորհրդի նախագահությունը, իրենք կփորձեն այդ ուղղությամբ աշխատանք տանել:
«Ինձ թվում է, որ մարդկանց ազատ տեղաշարժը շատ կարևոր ասպեկտ է երկրներն իրար մոտեցնելու հարցում: Ես շատ կուզեի տեսնել Եվրամիության և Հայաստանի միջև մարդկանց տեղաշարժի դյուրացման գործընթաց: Ինչ վերաբերում է այս գործընթացի ավարտին, սա հիմնված է որոշակի չափանիշների վրա»,- ասաց Էստոնիայի արտգործնախարարը՝ նշելով, որ Էստոնիան շահագրգռված է տեսնել այդ գործընթացի ավարտը:
Սվեն Միկսերը սակայն նշեց, որ այժմ ինքն ի վիճակի չէ նշել վիզային ռեժիմի դյուրացման ավարտի ժամկետներ։ «Հուսանք՝ մենք գործընթացի իրականացմանը թափ կհաղորդենք, իսկ մնացածը կախված կլինի Հայաստանից, թե ինչ կանի չափանիշների բավարարման ուղղությամբ»։