Իրանը դիմել է ՄԱԿ-ի ԱԽ՝ Սաուդյան Արաբիայի սպառնալիքների հետ կապված
Թեհրանում ահաբեկչությունները տեղի ունեցան Սաուդյան Արաբիայում Իրանի հասցեին հնչեցված բազմաթիվ սպառնալիքներից անմիջապես հետո։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ղոլամալի Խոշրուի Անվտանգության խորհրդին հղված նամակում, փոխանցում է PressTV-ն։
Դիվանագետը հիշեցրել է, որ Թեհրանում ահաբեկչությունները տեղի ունեցան, երբ Էր Ռիադը հրաժարվեց Իրանի հետ երկխոսությունից։ Դրան հետեւել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի հայտարարութունը՝ «մենք կաշխատենք այն ուղղությամբ, որ պայքարը լինի Իրանի ներսում»։ «Զարմանալի չէ, որ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարը հարձակումից մի քանի ժամ առաջ սպառնացելէ Իրանին՝ հայտարարելով, որ Իրանը պետք է պատժվի»,-նշվում է նամակում։
Դիվանագետը նշել է նաեւ, որ ավելի վաղ նախազգուշացրել է ՄԱԿ-ի ԱԽ-ին Սաուդյան Արաբիայի «անպատասխանատու, սադրիչ քաղաքականության մասին», որը տարածաշրջանում ֆինանսավորում է ահաբեկիչներին, եւ նրա արկածախնդրության մասին՝ Եմենի ռմբակոծությունների համատեքստում։ Նա նշել է, որ չնայած ծայրահեղականությանը սատարելուն՝ Էր Ռիադը «պարգեւատրվեց» ԱՄՆ-ի հետ բազմամիլիարդանոց ռազմական գործարքով։ Դիվանագետն ընդգծել է, որ պատահական չէ, որ տարածաշրջանում ամեն ինչ փոխվեց այդ համաձայնագրի ստորագրվելուց հետո եւ զգուշացրել. «տարածաշրջանային անվտանգությանը նման վտանգավոր մոտեցումը կարող է հանգեցնել լուրջ հետեւանքների»։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ի առավոտյան ահաբեկիչների երկու խմբեր հարձակվել են Իրանի խորհրդարանի շենքի եւ Թեհրանում իմամ Խոմեյնիի դամբարանի վրա։ Ահաբեկչությունների հետեւաքնով 17 մարդ է զոհվել, եւս 43-ը վիրավորվել են։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը՝ Իրանին սպառնալով նոր ահաբեկչություններով։