24.11.2024
Երևանը՝ ամառային weekend-ին ռուսաստանցիների նախընտրած քաղաքների 10-ում
prev Նախորդ նորություն

«Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի նախագծերը ներկայացվել են ՀՀԿ-ին ու Ծառուկյան դաշինքին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Ազգ-բանակ 2017» համաժողովի ընթացքում ազդարարված «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» նախագծերի հանրային քննարկումների շրջանակում այսօր հանդիպել և վերոնշյալ ծրագրերը ներկայացրել է ՀՀ ԱԺ ՀՀԿ եւ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունների ներկայացուցիչներին:


Վիգեն Սարգսյանը կարեւորել է խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ ծրագրերի մանրամասն քննարկումը՝ մինչ դրանք օրենսդրական նախաձեռնության կարգով կներկայացվեն Ազգային ժողովի քննարկմանը: Նա անդրադարձել է երկու նախագծերով նախատեսվող քայլերին:


Մասնավորապես՝ «Ես եմ» ծրագիրը կոչված է խրախուսելու նրանց, ովքեր իրենք են կայացրել առաջնագծում ծառայելու որոշում, իսկ «Պատիվ ունեմ» ծրագրի գաղափարախոսությունը բուհական տարկետումն ապագա սպայական ծառայության հետ կապելն է:


Հիշեցնենք, «Ես եմ» ծրագրով այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային:  Ըստ այդմ, ծառայությունը կտևի 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1+1+2 բանաձևով: Մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում, պատրաստվելով մարտական հերթապահության, և երկու շաբաթ` առաջնագծում, մարտական հերթապահություն անցկացնելիս:


Հաջորդը «Պատիվ ունեմ» ծրագիրն է, որի հիմքում է հայկական բանակը բանիմաց և հմուտ սպայակազմով համալրելու նպատակը:


Համաձայն ծրագրի, ՌՈՒՀ-երի շրջանավարտներն այն քաղաքացիներն են, ովքեր ընտրել են սպայական մասնագիտությունը որպես կենսակերպ, առաքելություն: Նրանք իրենց մարտական ուղին սկսում են որպես կուրսանտներ և երազում գեներալ դառնալ: Բայց մեծաթիվ բանակին անհրաժեշտ են մեծ թվով կրտսեր սպաներ, ովքեր կծառայեն դասակ-վաշտ օղակում: Նույնիսկ ցանկալի է, որ այդ օղակում ծառայող հրամանատարները, ունենալով անհրաժեշտ ռազմական կրթություն, գան տարբեր միջավայրերից, քաղաքացիական ամենատարբեր մասնագիտությունների տեր լինեն: Նրանք իրենց հետ զինված ուժեր են բերելու նոր գիտելիքներ և հմտություններ, որոնք օգնելու են ավելի արդյունավետ դարձնել ժամկետային զինծառայողների բանակային տարիները: