23.11.2024
Վարչապետը հանձնարարեց մաքրել Հայաստանն աղբից
prev Նախորդ նորություն

Վիգեն Սարգսյանն առաջարկեց զինծառայության նոր ձևաչափ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր առաջարկեց ևս մեկ ծրագիր, որն առնչվում է զինվորական ծառայության ձևաչափի որոշակի փոփոխության հետ:


Ծրագիրը կրում է «Պատիվ ունեմ» անունը, որի հիմքում է հայկական բանակը բանիմաց և հմուտ սպայակազմով համալրելու նպատակը:


Համաձայն ծրագրի, ՌՈՒՀ-երի շրջանավարտներն այն քաղաքացիներն են, ովքեր ընտրել են սպայական մասնագիտությունը որպես կենսակերպ, առաքելություն: Նրանք իրենց մարտական ուղին սկսում են որպես կուրսանտներ և երազում գեներալ դառնալ: Բայց մեծաթիվ բանակին անհրաժեշտ են մեծ թվով կրտսեր սպաներ, ովքեր կծառայեն դասակ-վաշտ օղակում: Նույնիսկ ցանկալի է, որ այդ օղակում ծառայող հրամանատարները, ունենալով անհրաժեշտ ռազմական կրթություն, գան տարբեր միջավայրերից, քաղաքացիական ամենատարբեր մասնագիտությունների տեր լինեն: Նրանք իրենց հետ զինված ուժեր են բերելու նոր գիտելիքներ և հմտություններ, որոնք օգնելու են ավելի արդյունավետ դարձնել ժամկետային զինծառայողների բանակային տարիները:

Այսօրվա իրականության մեջ բուհական տարկետումների համակարգը թերի է և ծնում է անարդարության բազմաթիվ դրսևորումներ: Բուհերի ընդունելության քննությունները, բակալավրիատ-մագիստրատուրա-ասպիրանտուրա` ողջ աշխարհում աշխատանքային փորձի ձեռքբերմամբ ընդհատվող ցիկլը մեզանում դարձել է չընդհատվող 4+2+3 ուսումնական ընթացք, որին հետևում է թեկնածուական ատենախոսության հապճեպ պաշտպանությունը` ժամկետային ծառայությանը մեկընդմիշտ հրաժեշտ տալու հեռանկարով:

Ավելին, արդյունավետ չի օգտագործվում բուհերի այն շրջանավարտների ներուժը, ովքեր բակալավրիատից հետո զորակոչվում են ՀՀ զինված ուժեր: Հիմնականում նրանք համալրում են շարքային-սերժանտական կազմը, լավագույն դեպքում` անցնելով ուսումնական զորամասերով, իսկ երբեմն` անմիջապես նախանշվելով մարտական հերթապահություն իրականացնող զորամաս:

«Պատիվ ունեմ» պետական ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ: Պետական հավատարմագրում ունեցող (պետական կամ մասնավոր) բուհ ընդունված յուրաքանչյուր երիտասարդ իրավունք ունի դիմելու այդ ծրագրում ընդգրկվելու համար: Մի շարք պայմանների համապատասխանելու դեպքում (առողջական վիճակ, հրամանատարական ջիղը որոշելուն միտված հոգեբանական թեստավորում, ուսման ընթացքում գնահատականի նվազագույն շեմի պահպանում) նա կարող է ընդգրկվել նշված ծրագրում` դառնալով սպայի կոչման հավակնող թեկնածու: Սովորելով քաղաքացիական բուհում` այդ երիտասարդները 2-րդ կուրսի սկզբից մինչև 4-րդ կուրսի առաջին կիսամյակը ներառյալ` յուրաքանչյուր շաբաթ օր, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում այցելում են զինվորական պատրաստության դասընթաց: Այդ ուսուցումը հաջող անցնելու և քաղաքացիական բուհի դիպլոմ ստանալու դեպքում քաղաքացին բակալավրի աստիճան ստանալուն զուգընթաց ստանում է լեյտենանտի սպայական կոչում և երեք տարի ժամկետով անցնում ծառայություն զինված ուժերում:

Ծառայությունը կազմակերպվում է քաղաքացիական մասնագիտությունը հաշվի առնելով, բայց բոլոր դեպքերում` 1-ին կարգի զորամասերում (առաջնագիծ): Այդպիսով, բարձրագույն կրթություն ստացած քաղաքացին կարողանում է ավելի բարձր մակարդակում իր ծառայությունը բերել հայրենիքին, միաժամանակ անցնելով այն սպայական կարգավիճակում (ծառայության համապատասխան կենցաղային պայմաններով), մրցունակ աշխատավարձով (ամսական առնվազն 260.000 դրամ): Ծառայությունը բարեհաջող ավարտելու դեպքում նա նաև ստանում է լրացուցիչ ֆինանսական բոնուս` իր ուսումնառության տարիների ուսման վարձի չափով: Ծառայությունն ավարտելուց հետո մագիստրատուրա ընդունվելու դեպքում փոխհատուցվում է նաև նրա մագիստրոսական կրթությունը:

Նախատեսվում է հատուկ պայմաններով սպայական ծառայություն առաջարկել աշխարհի 10 առաջատար բուհերից մեկն ավարտած, ինչպես նաև միջազգային օլիմպիադաների հաղթող ուսանողներին: Նրանց ծառայություն կառաջարկվի սպայական պաշտոններում, բայց ռազմարդյունաբերական համալիրում, որտեղ նրանք կկարողանան ավելի մեծ արդյունավետությամբ կիրառել իրենց գիտելիքները: Նրանց պարագայում կառաջարկվեն ոչ թե եռամյա, այլ հնգամյա պայմանագրեր:

Ծրագրի կարևոր արդյունքներից է նաև լուրջ սպայական պահեստազորի ձևավորումը: Մեծաքանակ շարքային պահեստազոր ունեցող բանակին անհրաժեշտ են հմուտ և առաջնագծում ծառայություն անցած պահեստազորի սպաներ:
Այսպիսով, տարկետումը բանակից խուսափելու միջոցից վերածվում է բանակին առավել արդյունավետ ծառայություն բերելու միջոցի: Պետությունն էլ դրա դիմաց առաջարկում է փոխհատուցման շոշափելի փաթեթ: