Այս պահին Ամուլսարը ամենախոշոր միջազգային ներդրումն է Հայաստանում։ Կապիտալ ներդրումները ուսումնասիրության և հետախուզման փուլում կազմել են մոտ 90 մլն ԱՄՆ դոլար, իսկ մինչև ավարտը հանքավայրը շահագործման նախապատրաստելու համար շինարարական աշխատանքների և սարքավորումների ձեռքբերման ներդրումային ծախսերը կկազմեն ևս 370 միլիոն ԱՄՆ դոլար: Այս մասին Ամուլսարի ծրագրի տարածք այցելած ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին ներկայացրել է «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը:
Նրա խոսքով, հանքի շինարարության այս փուլում արդեն իսկ ներգրավված է մոտ 570 աշխատող, մոտ 280-ը՝ Ամուլսարի շրջակա համայնքներից: Շինարարության ընթացքում աշխատանքներում կներգրավվի ավելի քան 1300 մարդ: Հետագա 10 տարիներին հանքարդյունահանման ընացքում կստեղծվի 700 մշտական աշխատատեղ: Հայկ Ալոյանը նշել է, որ ոսկու առաջին կորզումը տեղի կունենա հաջորդ տարվա գարնանը։
«Մենք պարտավորվել ենք ստեղծել օրինակելի ծրագիր և այս ծրագրին հետևում են միջազգային ներդրողները։ «Լիդիանի» հաջողությունից կախված է նաև ներդրումային համբավը։ Երբ ծրագիրը հաջողի, միջազգային ներդրողները կհետևեն մեր օրինակին և իրենք էլ ներդրում կկատարեն Հայաստանում»-, ասել է «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրենը։
Նախարարին ներկայացվել են նաև Ամուլսարի ծրագրի բնապահպանական կառավարման մանրամասները: Ընկերության Կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանը նշել է, որ Ամուլսարը Հայաստանում առաջին հանքարդյունաբերական ծրագիրն է, որ իրականացրել է Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատում IFC և ՎԶԵԲ չափանիշներին համապատասխան՝ ապահովելով Ամուլսարի նախագծումը բնապահպանական ժամանակակից տեխնոլոգիաներով և չափանիշներով: Ստեփանյանի խոսքով, «Ամուլսարի ծրագրի հետ կապված բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականը իրականացվել է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան։ Գնահատվել են բոլոր ռիսկերը՝ ներառյալ նրանք, որ հնչում են բնապահպանական համայնքի կողմից և նախագծվել են համապատասխան միջոցառումներ այնպես, որ բոլոր մնացորդային ազդեցությունները կամ չլինեն կամ լինեն ընունելի սահմաններում»։
Նախարարը ծանոթացել է նաև շրջակա համայնքներում ծրագրի շնորհիվ բացված նոր բիզնես ծրագրերին: Նշվում է, որ գործունեության սկզբից «Լիդիան Արմենիան» Ամուլսարի շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում ներդրել է մոտ 3 միլիոն դոլար:
Իր խոսքում նախարարը վերահաստատել է կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու միջազգային ներդրումներին, միաժամանակ կարևորելով, որ այդ ներդրումները բերեն ոչ միայն տնտեսական օգուտներ, այլև միջազգային լավագույն փորձը, մասնավորապես՝ հանքարդյունաբերության լավագույն փորձը՝ բարձրացնելով հանքարդյունաբերության նկատմամբ պահանջներն ու ներդնելով կորպորատիվ պատասխանատվության նոր մշակույթ: Սուրեն Կարայանն իր խոսքում նշել է․
«Ամուլսարի ներդրումային ծրագրի իրականացման դեպքում վերջինիս ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կլինի էական՝ մոտ 2% ՀՆԱ-ի աճ տարեկան կտրվածքով։ Շատ կարևոր են նաև համայնքներում «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից փոքր և միջին ձեռներության խթանման ծրագրերը, ինչպես օրինակ ականատես եղանք Գնդեվազում կարի արտադրամասի հաջողության պատմությանը»,- ասել է նա։
Իսկ Հայաստանի բնապահպանները տևական ժամանակ է ահազանգում են Ամուլսարի շահագործումից բխող բացասական հետևանքների մասին: