2017 թվականի ընթացքում (հունվարի 1-ից մինչև մայիսի 28-ը ներառյալ) Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերություններից կամ տեխնիկական պատճառներով ավելի շատ զինծառայող է զոհվել, քան հակառակորդի կողմից արձակված կրակոցից։ Այս մասին գրում է Tert.am-ը:
Նշված ժամանակահատվածում ՀՀ և ԱՀ զինված ուժերում եղել է 26 զոհ։ Հակառակորդի կրակոցից զոհվել է 12 զինծառայող կամ ընդհանուր զոհերի 46%-ը։
Մյուս 14 զինծառայողները (ընդհանուր զոհերի 54%-ը) մահացել են տարբեր պատճառներով։ Ըստ հարուցված քրեական գործերի՝ 4 զինծառայողի հասցրել են ինքնասպանության, 4 զինծառայող մահացել է զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով, 3 զինծառայող մահացել է մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու հետևանքով, 2 զինծառայող մահացել է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու հետևանքով, մեկ զինծառայող մահացել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով:
2017թ. ՀՀ և ԱՀ զինված ուժերում զոհերի թիվը
Արցախի և ՀՀ պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև ՀՀ Քննչական կոմիտեի հրապարակած տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, 2017 թվականին մահվան դեպքերի մեծ մասը գրանցվել է Արցախի Հանրապետությունում՝ 19 զոհ, ՀՀ զինված ուժերում գրանցվել է 7 զոհ։
Արցախի Հանրապետությունում զոհված 19 զինծառայողից 11-ը (կամ 58%–ը) զոհվել է հակառակորդի կողմից արձակված կրակոցից։ Մնացած 8-ը (42%-ը) մահացել է տարբեր պատճառներով. 3-ը ջրահեղձ է եղել, մեկը ինքն իրեն մահացու հրազենային վնասվածք է հասցրել իր զենքից, 2–ը զոհվել է չպարզված հանգամանքներում, 1-ը թունավորվել է շմոլ գազից, մեկը ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով։
2017թ. Արցախի Հանրապետության զինված ուժերում զոհերի թիվը
Տվյալների ուսումնասիրությունից մեկ այլ ուշագրավ հանգամանք է պարզ դառնում. ՀՀ զինված ուժերում 2017թ. զինծառայողների մահվան 7 դեպքերից միայն մեկի պարագայում է զինծառայողը զոհվել հակառակորդի կողմից արձակված կրակոցից։ Մյուս վեցի դեպքում պատճառներն այլ են. մեկ զինծառայող ինքնասպան է եղել, մեկը մահացել է ավտոպատահարից (ՊՆ-ին պատկանող բուլդոզերը ձորն էր գլորվել), մեկ զինծառայող մահացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով, մեկը սպանվել է ծառայակցի կողմից, մեկ զինծառայող մահացել է կզակի շրջանում ստացած հրազենային մահացու վիրավորումից, հանգամանքները դեռ հայտնի չեն, մեկն էլ, ըստ նախնական տվյալների, ինքնասպան է եղել։
2017թ. ՀՀ զինված ուժերում զոհերի թիվը
2017թ. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերում զոհված 26 զինծառայողների մեծամասնությունը ժամկետային զինծառայողներ են՝ 16–ը (64%), մնացած 10-ը պայմանագրայիններ են (36%)։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: