ԵԱՏՄ պետություններում՝ 2014թ-ից հետո առաջին անգամ, արձանագրվել է զգալի տնտեսական աճ
2017 թվականին ԵԱՏՄ բոլոր հինգ պետություններում, 2014 թվականից հետո առաջին անգամ արձանագրվել է զգալի տնտեսական աճ: Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Ինչպես տեղեկացնում է ԵՏՀ լրատվական ծառայությունը, Սարգսյանը նշել է, որ 2017 թվականի հունվար- մարտ ամիսներին միության պետությունների արտաքին առևտրի ծավալը, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ավելացել է 29,6%ով: Փոխադարձ առևտրի աճը կազմել է 31,1%:
«Ավելանում է ընկերությունների թիվը, որոնք ներդրումներ ունեն ԵԱՏՄ պետություն-գործընկերներից: Աճում է տնտեսության իրական սեկտորը, բեռնա և ուղևորափոխադրումների ծավալը: Հանձնաժողովի կանխատեսումը մինչև 2019 թվական՝ կայուն-բարենպաստ»,- ընդգծել է նա:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ միայն 2016-2017 թվականներին ԵԱՏՄ պետությունները պայմանավոևվել են ներքին շուկայում 60 խոչընդոտների վերացման շուրջ: Սկզբունքային պայմանավորվածություններ են ձեռք բերվել էլեկտրաէներգիայի, նավթի, գազի, տրանսպորտի բնագավառներում, ինչպես նաև համատեղ նախագծեր են մշակվում տիեզերքի, գյուղատնտեսության, նոր տեխնոլոգիաների մասով: Այս և մի շարք այլ գործողություններ, նրա խոսքով, ԵԱՏՄ-ում ձևավորում են դրական ձեռներեցության մթնոլորտ: