Խորհրդարանն ընտրեց նաև երեք փոխնախագահներին
Քիչ առաջ ԱԺ հաշվիչ հանձնաժողովը հրապարակեց ԱԺ փոխնախագահների գաղտնի քվեարկության արդյունքները: Համաձայն դրանց՝ Ազգային ժողովի փոխնախագահներ են ընտրվել Էդուարդ Շարմազանովը և Արփինե Հովհաննիսյանը Հանրապետական խմբակցությունից և Միքայել Մելքումյանը «Ծառուկյան դաշինքից»:
Քվեարկությանը մասնակցած 100 պատգամավորներից 84-ը կողմ է քվեարկել Էդուարդ Շարմազանովի թեկնածության օգտին, 13-ը՝ դեմ, իսկ ևս 3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Արփինե Հովհաննիսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 73 պատգամավոր, 22-ը՝ դեմ, ևս 5 քվեաթերթիկ անվավեր է եղել:
Ընդդիմության՝ «Ծառուկյան» դաշինքից առաջադրված Միքայել Մելքումյանի օգտին կողմ է քվեարկել 65 պատգամավոր, 29-ը՝ դեմ, ևս 6 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Իր խոսքում Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց և՛ նրանց, ովքեր վստահել են իրեն, և՛ բոլոր նրանց, ովքեր դա չեն արել։
«Շնորհակալություն եմ հայտնում ինչպես քաղաքական, այնպես էլ անձնական դիրքորոշումն արտահայտածներին։ Նվազագույնը՝ ազնիվ էր։ Ես ամեն ինչ անելու եմ իմ ելույթում հնչեցրած թեզերը իրականություն դարձնելու համար»,- հայտարարեց նա։