Այվազովսկուն կսպասենք ևս մի քանի ամիս. ցուցահանդեսը հետաձգվել է
Տարեսկզբին Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը հայտարարեց, որ մայիսին Երևանում սպասվում է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված մեծ ցուցահանդես:
Ըստ ծրագրի՝ Հայաստանի ազգային պատկերասրահում կայանալիք ցուցահանդեսին ներկայացված պետք է լինեին Այվազովսկու ավելի քան 70 աշխատանքներ, որոնք պահվում են պատկերասրահում, այդ թվում և նրա գրաֆիկական աշխատանքները, որոնք նախկինում չեն ցուցադրվել: Բացի այդ, նախատեսվում է Հայաստան բերել ևս 16 կտավներ Տրետյակովի պատկերասրահից, Պետերգոֆից և Ռուսական թանգարանից։
VERELQ-ի հետ զրույցում, սակայն, Հայաստանի ազգային պատկերասրահից փոխանցեցին, որ ցուցահանդեսը, որին պատրաստվում են ավելի քան մեկ տարի, տեղափոխվել է սեպտեմբեր ամսին: Թեև դրա անցկացման ավելի հստակ ժամկետ դեռ չի նշվում:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ հետաձգման պատճառը ոչ միայն նա է, որ կազմակերպել այդ մասշտաբի ցուցահանդես այնքան էլ հեշտ չէ, այլև այն, որ սեպտեմբերի Երևանում հրավիրվելու է «բավականին հնչեղ միջազգային գիտաժողով», նվիրված Այվազովսկու 200-ամյակին:
«Գիտաժողովի հետ կապված մանրամասները՝ ժամկետը, մասնակից երկրների ցանկը և մնացածը դեռ հրապարակել չենք կարող, քանզի դեռ աշխատանքներ են տարվում»,- տեղեկացրեցին պատկերասրահից:
Նշենք, որ մեծն Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը անցած տարի հուլիսից մինչև հոկտեմբերի հնարավորություն ունեցան այցելել Մոսկվայի բնակիչներն ու հյուրերը: