Վարչապետ. Տնտեսական ակտիվության առանձին ցուցանիշներով ունենք և՛ աճ, և՛ նվազում
2017 թվականի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության առանձին ցուցանիշներով 2016թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ ունենք և՛ աճ, և՛ նվազում, սակայն ընդհանուր առմամբ գրանցել ենք 6.7% աճ: Այս մասին Facebook-յան իր էջում գրառել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ներկայացնելով նաև վիճակագրության ինֆոգրաֆիկան:
Ըստ ներկայացված թվերի՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 3361 817.8 մլն դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 69 505.4 մլն դրամ, շինարարության ծավալը՝ 35 772.6 մլն դրամ, առևտրի շրջանառությունը՝ 489 203.1 մլն դրամ, ծառայությունների ծավալը (առանց առևտրի)՝ 301 945.1 մլն դրամ:
«Շարունակում ենք աշխատել խիստ ռեժիմով»,- շեշտել է վարչապետը:
Բացի այս, վարչապետը ներկայացրել է նաև մեկ այլ վիճակագրություն, այն է՝ 2017 թվականի առաջին եռամսյակի տվյալներով արտահանման ծավալները զիջում են ներմուծման ծավալներին: Կարեն Կարապետյանն ընդգծել է. «Ներմուծող երկրից պետք է վերափոխվենք արտահանող երկրի»: