24.11.2024
Փորձագետ. Թուրքական հոսքը կամրապնդի ռուս–թուրքական հարաբերությունները
prev Նախորդ նորություն

Բաթումիի քաղաքապետարանը չի թույլատրել մզկիթի կառուցումը

Տարիներ շարունակ Աջարիայի մահմեդական համայնքը տեղի իշխանություններից պահանջում է տրամադրել Բաթումի քաղաքում մզկիթի կառուցման թույտվություն: Դեռևս 2011թ-ին՝  Սաակաշվիլիի իշխանության տարիներին, Վրաստանի և Թուրքիայի մշակույթի նախարարությունների միջև չհրապարակայնացված հանդիպում էր կազմակերպվել, որի ժամանակ վրացական կողմը խոստացել էր իրականություն դարձնել Բաթումիում մզկիթի կառուցումը:

Տվյալ պայմանավորվածության մասին լուրերը տարածվելուց հետո լուրջ քննադատությունների արժանացան գործող իշխանությունները, ինչի արդյունքում գործընթացը դեռ չսկսված կասեցվեց: Մեկ տարի անց Վրաստանի նորընտիր վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Աջարիայի մահմեդականներին խոստացավ լուծել այդ հարցը, սակայն խոստումը մնաց չիրականացված: Արդեն 2014թ.-ին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի նույնօրինակ խոստումը ևս մնաց «խնդրողների» հուշերում:


Վրացագետ Ալիկ Էրոյանցը, հիշեցնելով այս քրոնոլոգիան, նշում է, որ մայիսի 5-ին պարզ դարձավ, որ Բաթումիի քաղաքապետը մերժել է «Բաթումիում նոր մզկիթի կառուցման հիմնադրամ»-ի դիմումը՝ քաղաքում մզկիթի կառուցման թույտվություն տալու հետ կապված: Տվյալ հիմնադրամը ընթացիկ տարվա սկզբին հատուկ ստեղծվել էր վերոնշյալ գործընթացը կազմակերպելու նպատակով, որից հետո փետրվար ամսին սկսել էր ակտիվ գործունեություն այդ ուղղությամբ, նույնիսկ գնվել էր հողատարածք, որտեղ պետք է կառուցվեր մզկիթը, և պատվիրվել մզկիթի ճարտարապետական էսկիզներ (նկարում դրանցից մեկն է պատկերված): Ի դեպ մզկիթի կառուցման համար անհրաժեշտ գումարը, ինչպես մահմեդական համայնքի ներկայացուցիչնեչն են նշում, դեռևս հավաքված չէ:

«Ի վերջո, Բաթումիի քաղաքային իշխանությունները ստիպված են լինելու վերոնշյալ խնդրանքը բավարարել, այլապես Բաթումիում կարող է լուրջ բողոքի ալիք բարձրանալ տեղի մահմեդական բնակչության կողմից: Այդ դեպքում, սակայն չի բացառվում, իշխանությունների կողմից հիշյալ թույլտվությունը հաստատելու պարագայում ևս բողոքի հակառակ ձայն բարձրացնեն տեղի քրիստոնյա համայնքի ներկայացուցիչները, որոնց թիվը (Աջարիայի տարածքում) երեք անգամ գերազանցում է մահմեդական բնակչության թվաքանակին»,- նշում է վրացագետը՝ հավելելով, թե հետաքրքիր է՝ ի՞նչ լուծում կգտնեն իշխանություններն այս՝ իրականում դժվարին իրավիճակում: