Սաֆարովի արտահանձնումը պատճառահետեւանքային կապ ունի ապրիլյան վայրագությունների հետ
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը Բուդապեշտում Հունգարիայի հանրային ռադիոյով հեռարձակվող հարցազրույցի ժամանակ նշել է, որ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը պատճառահետեւանքային կապ ունի ապրիլյան պատերազմում Ադրբեջանի զինված ուժերի կատարած վայրագությունների հետ։
Արցախի ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ Բուդապեշտում գտնվող Ռուբեն Մելիքյանը մասնավորապես նշել է, որ Սաֆարովի հերոսացումը ուղեկցվել է նրա հանցանքը երիտասարդների համար օրինակելի դարձնելու պետական խրախուսմամբ, ինչն իր դրսեւորումն է ստացել 2016 թվականի ապրիլին։ Արցախի ՄԻՊ-ը նաև ասել է, որ Արցախում հիշում են Հունգարիայի այն հազարավոր քաղաքացիներին, ովքեր բողոքի ձայն բարձրացրեցին Սաֆարովին արտահանձնելու որոշման դեմ։
Հիշեցնենք, Ռամիլ Սաֆարովը և հայ սպա Գուրգեն Մարգարյանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի կողմից հովանավորվող անգլերեն լեզվի դասընթացի Բուդապեշտում: 2004 թվականի փետրվարի 19-ին Սաֆարովը սպանել է Մարգարյանին՝ կացնով: 2006 թվականի ապրիլին Սաֆարովը մեղավոր է ճանաչվել սպանության մեջ Բուդապեշտի դատարանի կողմից և դատապարտվել է ցմահ բանտարկության՝ 30 տարի անց պայմանական ազատ արձակման հնարավորությամբ:
2012 թվականի օգոստոսին Հունգարիայի արդարադատության նախարարությունը թույլ է տվել Սաֆարովին տեղափոխել Ադրբեջան և օգոստոսի 31-ին Ադրբեջան տեղափոխվելուց մի քանի ժամ անց Սաֆարովին ներում է շնորհվել Ադրբեջանի նախագահի կողմից, և նա ազատ է արձակվել:
Այս տարեսկզբին հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի և Հունգարիայի կառավարությունները ճանաչել է որպես պատասխանող կողմ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից Բուդապեշտում 2004 թվականին կացնահարված հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանի գործով, ինչն արդեն դրական տեղաշարժ է: Հայկական կողմը պահանջել է, որ Հունգարիայի որոշումն անվավեր ճանաչվի, և Սաֆարովը հետ վերադարձվի Հունգարիա: Մարդու իրավունքների եվրոպական դատարանին որևէ նյութական պահանջ չի ներկայացվել: Ակնկալվում է, որ այս տարի Հայաստանի պահանջի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը կլինի: