Երեւանում հայտնաբերվում են իրանցիների դիեր. ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ
Երեւանի «Շիրակ» հյուրանոցում մաքրուհին օտարերկրացի զբոսաշրջիկի դի է հայտնաբերել, հայտնում է Tert.am-ը:
Տեղեկությունը հաստատել է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը, ասելով, որ ոստիկանությունը դիակի առկայության մասին ահազանգ ստացել է։
Նա ասաց, որ մայիսի 10-ին՝ ժամը 14։40-ին, ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում քաղաքացու դի կա: «Մեկնած օպերատիվը խումբը պարզել է, որ նշված հյուրանոցի 10-րդ հարկում գտնվող սենյակներից մեկում հայտնաբերել է 1983-ին ծնված Իրանի իսլամական հանրապետության քաղաքացու դիակը»,- ասաց Էդգար Ջանոյանը։
Ոստիկանությունից հայտնեցին,որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։
Հատկանշական է, որ Երեւանում արդեն որերորդ դեպքն է, որ Իրանի քաղաքացու դի են հայտնաբերում: Բոլորովին վերջերս՝ մարտի 29-ին, Երեւանի Այգեձոր փողոցի տներից մեկում հայտնաբերվել է Իրանի քաղաքացու դի՝ կախված վիճակում, հիշեցնում է armtimes.com-ը։
ՀԿՔ-ում հարցուցվել էր քրեական գործ, եւ ըստ նախնական տվյալների, նա ինքնասպանություն է գործել 2017թ. մարտի 29-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում՝ վարձակալած բնակարանի հյուրասենյակի դռան աջ հատվածում առկա փայտյա ճաղավանդակի վերեւի տախտակից պարանով կախվելու միջոցով:
Իրանի երկու քաղաքացիների դիեր էլ հայտնաբերել էին Երեւանում 2014 թ-ին: Մեկի դին հայտաբերել էին Հրազդան գետից, իսկ մյուսինը՝ Երեւանի Ամիրյան փողոցի շենքերի բնակարաններից մեկում, որի մարմնի վրա հայտնաբերվել էին արյունոտ սալջարդ, պատռված վերք: