VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կարեն Կարապետյանն ավստրիական ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է վարչապետ մնալ 2018 թվականին: Այդ թեմայով իր պատրաստակամության մասին Կարապետյանն առաջին անգամ չէ, որ հայտարարում է, եւ այդ իմաստով նրա հավակնությունը, հետեւաբար նաեւ Սերժ Սարգսյանի ծրագրերի հետ մրցակցությունը այլեւս նորություն չէ: Կարապետյանի հարցազրույցում ուշագրավ է մեկ այլ բան՝ Իսրայելի օրինակի մատնանշումը պատերազմական, չկարգավորված հակամարտության պայմաններում Հայաստանի զարգացման հեռանկարի վերաբերյալ համատեքստում: Կարեն Կարապետյանը բերում է Իսրայելի օրինակն ու մատնանշում, որ Իսրայելն էլ ուներ ծանր պայմաններում զարգացման խնդիր եւ լուծեց այն: Ինչո՞վ է հետաքրքրական օրինակը: Ինքնին, որպես մոդել, անշուշտ: Բայց այստեղ կա նաեւ ներքաղաքական հետաքրքրությունը կամ՝ ներիշխանական: Ի՞նչ է Իսրայելի օրինակը, զարգացման մոդելը: Այո՝ ազգ-բանակ: Այդ արձանագրումը թերեւս բավարար է՝ պատկերացնելու համար, թե ինչ է ակնարկում Կարեն Կարապետյանն Իսրայելի զարգացման օրինակը մատնանշելով…
Ակնհայտ է, որ 2018-ին ընդառաջ՝ Սարգսյանը փորձելու է խաղարկել հենց այդ հայեցակարգը, էական չէ՝ ի՞ր, թե՞ Վիգեն Սարգսյանի վարչապետության համար: Ավելի կոնկրետ՝ Կարեն Կարապետյանի վարչապետության դեմ: Եվ այդ իմաստով Իսրայելի օրինակի մատնանշումը Կարապետյանի պատասխանն է Սերժ եւ Վիգեն Սարգսյանների «ազգ-բանակ» քաղաքական ծրագրին: Կարեն Կարապետյանը դրանով ակնարկում է, որ պատրաստ է պայքարել Սարգսյանների դեմ, այսպես ասած, նրանց իսկ զենքով: Այդ առումով ի՞նչ գաղափար է առաջ քաշելու Կարապետյանը՝ իհարկե դժվար է ասել: Իրավիճակը իսկապես բազմիմաստ է: Եթե Կարապետյանը միանա ազգ-բանակին, ապա նա ըստ էության հայտնվում է երկրորդական դերում, քանի որ առաջնայինում կլինի, այսպես ասած, հեղինակը կամ նախաձեռնողը: Հետեւաբար Կարապետյանը կա՛մ պետք է ինչ-որ կերպ վերցնի նախաձեռնությունն իր ձեռքը, կա՛մ անվտանգության հարթության վրա առաջ քաշի ծրագրային կամ հայեցակարգային նոր մոտեցում, որը ուղիղ չհակադրվելով ազգ-բանակին՝ այդուհանդերձ, հանրային ընկալումներում կդառնա դրա հանդեպ գերակա»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ավանդաբար հինգշաբթի օրերին կայացող ՀՀԿ նիստն այսօ չի կայանա, հնարավոր է այն տեղափոխվի հաջորդ շաբաթ եւ հրավիրվի ԱԺ առաջի նիստին նախորդող օրերին, որի ժամանակ Սերժ Սարգսյանը կհայտարարի, թե ով ինչ պաշտոն կստանա: Խնդիրն այն չէ, որ կիրակի Երեւանի ավագանու ընտրություններն են, եւ ընտրարշավին լծվել է ՀՀԿ-ի ողջ ակտիվն ու պատրաստվում է Տարոն Մարգարյանի համար ջախջախիչ հաղթանակ ապահովել, այլեւ Սերժ Սարգսյանի գործելաոճն է այդպիսին՝ մինչեւ վերջ պակել ինտրիգը, խաղալ կուսակիցների նյարդերի վրա: Ի դեպ, տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ն որոշել է խորհրդարանական մշտական հանձնաժողովների թիվը դարձնել 9, որից 6-ի նախագահությունը, ըստ Դոնթի բանաձեւի, կհասնի ՀՀԿ-ին, 3-ը՝ «Ծառուկյան» դաշինքին, իսկ «Ելք»-ը չի ստանա: Իշխանական շրջանակներում չեն բացառում նաեւ ԱԺ խոսնակի «անսպասելի» ընտրություն, բոլորովին նոր անուն, այդ թվում՝ չեն բացառում գործող Գալուստ Գրիգորիչի վերանշանակումը»:
«168 ժամ» թերթը գրում է. «Վերջին օրերին Հայաստանում ու Հայաստանից դուրս շրջանառվում է մեր երկրում Ռուսաստանի ռազմաբազայի ընդլայնման, ընդհուպ՝ նոր ռազմաբազա կառուցելու թեման։ Դրա սկզբնաղբյուրը, ըստ էության, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն էր այն մասին, որ Գյումրիի ռուսական ռազմաբազան կարող է օգտագործվել «Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակներում իրականացվելիք գործողություններում։ Այդ հայտարարությունը բավական էր, որպեսզի Հայաստանի իշխանական վերնախավի որոշ ներկայացուցիչներ ու իբրեւ թե անկախ փորձագետներ հիշեին «Իսլամական պետության» վտանգավորության, Հայաստանի՝ հնարավոր թիրախ լինելու, ու այլ նման վտանգների մասին։ Պետք է արդարացնել Լավրովի հայտարարությունը, արդարացնում են։ Հանձնարարություն է, կատարում են։ Չէ՞ որ Հայաստանի իսթեբլիշմենթի ներկայացուցիչների մեծամասնությունն ապրում ու աշխատում է «գործ ա, անում ենք» սկզբունքով։ Այս թեմայի շրջանառությունը, իհարկե, չի նշանակում, թե վաղը կամ մեկ ամիս անց ռուսները սկսելու են նոր ռազմաբազայի հիմնումը։ Սակայն այդ թեման շատ վտանգավոր է՝ հանրային գիտակցության վրա ազդելու, հանրությանը ռուսական հերթական ինտերվենցիային նախապատրաստելու տեսանկյունից...»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ոստիկանությունն այսօր տեղեկացրեց, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի դեմ իրականացված մահափորձը բացահայտվել է. 4 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Ըստ որոշ տեղեկությունների՝ «Ծառուկյան» դաշինքի անդամ, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը դժգոհ է եղել Նորաշենի գյուղապետ Նորայր Գրիգորյանից՝ քանի որ ապրիլի 2-ի ընտրություններում այս համայնքում ձայների շատ չնչին տարբերությամբ հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Թե ինչ կապ ունի վերը նշվածը գյուղապետի դեմ իրականացված մահափորձի հետ, դեռ պարզ չէ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ամեն գնով ցանկանում է լինել նոր կառավարության կազմում եւ այս օրերին ակտիվորեն զբաղված է իր հետագա պաշտոնավարման հարցը կարգավորելով:Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Ասատրյանը լուրջ մտավախություն ունի, որ իր ղեկավարած նախարարության ենթակայության տակ գտնվող հիմնարկություններում բացահայտված կոռուպցիոն սկանդալների պատճառով իրեն չեն վերանշանակի: Ու հիմա նա փնտրում է նոր մարդկանց, որոնք կկարողանան Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի մոտ բարեխոսել իր համար ու համոզել, որ Ասատրյանին կրկին նախարար նշանակեն: Բայց եթե Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանն աչք փակեն մինչ այս բացահայտված կոռուպցիոն սկանդալների վրա եւ կրկին նախարար նշանակեն Ասատրյանին, կստացվի, որ նրանք ոչ միայն աչք են փակում տեղի ունեցած հանցագործությունների վրա, այլեւ խթանում են նոր ապօրինությունները»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մամուլը շարունակում է գրել, որ «Ծառուկյան» դաշինքից ռեյտինգային ցուցակով առաջադրված Խաչիկ Մանուկյանը մյուս 8 պատգամավորների օրինակով ԱԺ առաջին նիստին վայր է դնելու մանդատը, քանի որ չի կատարել Ծառուկյանի հետ ունեցած պայմանավորվածությունները: Մեր տեղեկություններով՝ նա խոստացել է 14-15 հազար ձայն ապահովել «Ծառուկյան» դաշինքի համար, որի համար մի քանի հարյուր միլիոն դրամ է վերցրել Ծառուկյանից, սակայն հավաքել է ընդամենը 5686 ձայն: Խաչիկ Մանուկյանը վերջին օրերին Հայաստանում չի գտնվում։ Նա իր բիզնեսի հետ կապված հարցերով գտնվում է Հայաստանից դուրս, սակայն գնալուց առաջ էլ պնդել է, որ չի հանձնվելու ու մանդատը վայր չի դնելու: Խաչիկ Մանուկյանը նաեւ ասել է, որ ինքը «Ծառուկյան» դաշինքում այն թեկնածուներից է, որ Ծառուկյանին «ոչ տալիք ունի, ոչ առնելիք»: Առավել եւս՝ ֆինանսական հարցեր չունի Ծառուկյանի հետ, որ դրանից դրդված էլ վայր դնի մանդատը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զբաղված է անձնական PR-ով՝ փորձելով առաջ տանել «Ազգ-բանակ» ծրագիրը, զինված ուժերում ամենաթողության հետեւանքով շարունակվում են դժբախտ պատահարները: Ինչպես հայտնի է` օրերս ջրահեղձ են եղել երեք զինծառայողներ, որոնք, հետագայում պարզվել է, զինվորական «ՈՒԱԶ» մեքենայով առանց թույլտվության հեռացել են զորամասից եւ Տոնաշեն գետի ճանապարհին մեքենայով ընկել գետը: Իսկ քրեական գործն էլ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրի 377-րդ հոդվածի հատկանիշներով` համապատասխան տրանսպորտային մեքենաները վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու համար: Մինչդեռ, նկատենք, զորամասում տիրող իրավիճակի համար պետք է պատասխանատվության ենթարկվի նաեւ հրամանատարական կազմը: Ինչ վերաբերում է Վիգեն Սարգսյանին, ապա իրականում բանակ կառավարելը ոչ թե գեղեցիկ ելույթներն են, այլ տեղում իրավիճակին տիրապետելն ու բացասական երեւույթները կանխարգելելը:
«Ժողովուրդ»-ին կատարված դեպքից մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ երեք զինվորները զորամասից «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով դուրս են եկել մայիսի 7-ին՝ երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում: Եվ ահա գործը քննող քննիչները ըստ էության մայիսի 7-ին զորամասում հերթապահություն իրականացնող գումարտակի պատասխանատուին, զորամասի հերթապահին, հսկիչ անձնագրային կետի հերթապահին, ինչպես նաեւ մի շարք այլ պաշտոնատար անձանց հարցաքննել են՝ հասկանալու համար, թե արդյոք զինվորներին ղեկավար կազմը առաջադրանք է տրված եղել, որ նրանք այդ ուշ ժամին դուրս են եկել զորամասից, սակայն մեզ հասած տեղեկություններով՝ վերոնշյալ օրը զորամասի պատասխանատուները հայտնել են, որ զինվորներին որեւէ առաջադրանք տրված չի եղել, եւ նրանք չգիտեն, թե ինչու են տղաները դուրս եկել զորամասից եւ այն էլ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով»: