Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքի հիմքում մեկ անձի ենթադրությունն է
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը պատրաստվում է առաջիկա օրերին վճռաբեկ բողոք ներկայացնել Վերաքննիչ դատարանի՝ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը անփոփոխ թողնելու որոշման դեմ:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում փաստաբանը նշել է, որ ինչպես և վերաքննիչ բողոքում, վճռաբեկ բողոքում ևս միջնորդելու է վերացնել կալանավորումը և Սամվել Բաբայանին ազատ արձակել: Իսկ ներպետական ատյանները սպառելուց հետո նա պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ա.Քալաշյանը հայտնել է նաև, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի հիմքում մեկ անձի՝ Արմեն Պողոսյանի, ցուցմունքն է դրված: Այն էլ պնդում չէ, այլ ենթադրություն է առ այն, որ Սամվել Բաբայանը կարող է զենքը պատվիրած լինել:
«Ենթադրությունը չի կարող հիմք հանդիսանալ ոչ միայն մեղադրանքի, այլև իմ պաշտպանյալի հետ առերես հարցաքննություն անցկացնելու համար», - ասել է նա՝ հավելելով, որ հիշյալ անձն ու Սամվել Բաբայանն իրար չեն ճանաչում:
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը կալանավորվել է Հայաստան Վրաստանից «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում: Նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 235.1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Թեև Սամվել Բաբայանի փաստաբանը դրական ակնկալիքներ ուներ, սակայն ապրիլի 21-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Բաբայանի կալանքի վերաբերյալ ներկայացված բողոքը: