Վրացական Liberali.ge պարբերականի` Շամխորեցոց սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին հոդվածը սոցիալական ցանցերում բուռն քննարկումների առիթ է դարձել։
Բազմաթիվ քաղաքացիներ քննադատել են երկրի համապատասխան մարմինների, հատկապես քաղաքապատերանի գործունեությունը, որը թույլ է տվել եկեղեցու մոտ եռահարկ շինություն կառուցել։
Ինչպես հայտնում է "Ալիք մեդիան", վրաստանյան Liberali.ge պարբերականն այս թեմայով ծավալուն հոդված է հրապարակել՝ անհանգստություն հայտնելով , որ անուշադրության մատնված խոնարհված հայկական եկեղեցու կողքին վեր խայոցող բնակելի շենքի նախագիծը Վրաստանի Մշակույթի և հուշարձաննեի պահպանության նախարարության դրական գնահատականին է արժանացել:
«Մշակութային ժառանգության մասին օրենքի 41-րդ հոդվածի առաջին և երկրորդ կետերի համաձայն` Թբիլիսիիի Իսանի 28 հասցեում բնակելի շենք կառուցելու թույլտվության հարցն ուղղարկվել է Վրաստանի Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարություն, որտեղից դրական պատասխան է ստացվել»,- հարցին ի պատասխան պարբերականին տեղեկացրել են Թբիլիսիի քաղաքապետարանից:
Թեման մեծ աղմուկ է հանել սոցիալական ցանցերում, որտեղ հարյուրավոր քաղաքացիներ են կիսվել հոդվածով։ Մեկնաբանություններում օգտատերերը քննադատում են Մշակույթի ու հուշարձանների պահպանության նախարարությանն ու Թբիլիսիի քաղաքապետարանին։
«Ահա և սա է Վրաստանի արդարադատությունն ու հանդուրժողականությունը», - գրում են օգտատերերը՝ անամոթություն որակելով տեղի ունեցածը։ «Անամոթ մարդկանց որոշումներով ամեն ինչ քանդվում է», «Վախենում եմ մի քիչ շատ կանգնեմ փողոցում․ հնարավոր է իմ վրա էլ շենք կառուցեն» և նման բազմաթիվ գրառումներ այս օրերին հեղեղել են սոցիալական ցանցերը։
Երբեմնի հայաշատ Հավլաբարի, ժամանակին ամենաբարձր գագաթով հայկական Շամխորեցոց, կամ Կարմիր Ավետարան Սբ. Աստվածածին եկեղեցին համարվում է վիճելի վեց եկեղեցիներից մեկը։ Վրաստանի Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ պատմական հուշարձանների վերականգման աշխատանքները սկսվել են՝ առաջնահերթությունը տալով վատթարագույն վիճակում գտնվողներին։
Այսօր Շամխորեցոց եկեղեցու միայն արևելյան պատն է կանգուն, որը մասնագետների գնահատմամբ, շատ հնարավոր է, որ փլուզվի 5-6 մետր հեռավորության վրա ընթացող շինարարության ընթացքում։