VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ԲՀԿ-ում մթնոլորտն այնքան է լարված, որ որեւէ մեկը որեւէ մեկի հետ որեւէ հարց չի քննարկում, միմյանց հեռախոսազանգերին չեն պատասխանում, վախենում են` մի բան այնպես չանեն, «լինչի ենթարկվեն», ասել է` մանդատից զրկվեն: Ծառուկյանը բոլորին հասկացրել է, որ խաղը փոխվել է, քաղաքականությունից մոտ երկու տարվա բացակայությունը ստիպել է այլ կերպ նայել թիմին, գործընթացներին, ու հիմա փորձում է հասկանալ` վստահելիների ինչ թիմով պետք է մտնի պառլամենտ: Ըստ նրան մոտ կանգնած աղբյուրների, Ծառուկյանի համար խիստ կարեւոր է, թե ով է լինելու 18-ին ՀՀ վարչապետը. արձանագրենք, որ նա հակված է այդ պաշտոնում տեսնելու Սերժ Սարգսյանին»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ծառուկյան» դաշինքը քննարկում է ինքաբացարկից հրաժարված պատգամավորներին խմբակցությունից հեռացնելու հարցը, որպեսզի ԱԺ-ում չհավակնեն որեւէ պաշտոնի՝ հանձնաժողովներում եւ խորհրդարանական պատվիրակությունում: ԱԺ նոր կանոնակարգով՝ խմբակցությունը իրավունք ունի պատգամավորին քվեարկությամբ հեռացնել խմբակցությունից»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ծառուկյան» դաշինքի «12-ի գործը», ըստ որոշ տեղեկությունների, համակարգել է ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանը։ Պարզելով, որ իր թիմը՝ Նապոլեոն Ազիզյան, Հարություն Ղարագյոզյան եւ հարազատ որդին՝ դաշինքի համամասնական ցուցակի 11-րդ համար Արթուր Մանուկյան, հայտնվել է 23 ինքնաբացարկ «ներկայացնողների» ցուցակում, Մանուկյանը գործի է անցել՝ նախաձեռնելով «քցվածների» իրավունքների վերականգման գործընթաց։ Նա նախ ստացել է Բաղրամյան 26-ի «դաբրոն», իսկ ԿԸՀ նիստից առաջ, որը պետք է քններ դիմումների հետ վերցնելու հարցը, երբ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդիկ Բաբայանն «ատչոտ» է պահանջել Աբրահամ Մանուկյանից, քանի որ իր միջնորդությամբ են Ազիզյանն ու Ղարագյոզյանը հայտնվել դաշինքի ցուցակում, նա Էդոյի հետ այցելել է Ազիզյանի առանձնատուն, որպեսզի վերջինիս իբր համոզի հետ կանգնել իր մտադրությունից։ Այնինչ ԿԸՀ-ում գրեթե նույն ժամին Մանուկյանների ներկայացուցիչը բողոքարկում էր նաեւ նրա որդու դիմումը։ Նշենք, որ ԲՀԿ-ական շրջանակներում խոսում են, որ իրականում «քցել» են Ծառուկյանին, որն աստղաբաշխական գումարներ է տվել այս 23-ին, բայց նրանք իրենց խոստացած ձայների չնչին մասն անգամ չեն ապահովել»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Պարզվում է, «Ծառուկյան» դաշինքից պատգամավորության մանդատ չստացած չորս թեկնածուները պատգամավոր դառնալու հնարավորությունից զրկվեցին ոչ թե ԿԸՀ անդամների քվեարկության, այլ սովորական ու պարզ հաշվարկի արդյունքում: Խնդիրն այն է, որ համապետական ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված անձինք միաժամանակ առաջադրված են եղել նաև ռեյտինգային ընտրակարգով: Ինչպես հայտնի է, ընտրություններից հետո կուսակցությունների ու դաշինքների հասանելիք ձայների հաշվարկի ամենասկզբում հաշվում են, թե ընտրություններին մասնակցած կուսակցություններից ու դաշինքներից որն ինչքան ձայն է հավաքել: Արգելքները հաղթահարածների մասին տեղեկությունը ճշտելուց հետո հաշվարկվում է կուսակցության կամ դաշինքի հասանելիք ԱԺ մանդատների ընդհանուր թիվը: Հետո հաշվարկվում է ռեյտինգային ընտրակարգով և համապետական ցուցակներով հասանելիք տեղերի և անձանց թիվը: Այս հաշվարկներից հետո, երբ արդեն պարզ է դառնում, թե ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից ովքեր են պատգամավորի մանդատ ստանալու իրավունք ստանում, ԿԸՀ–ն անցնում է համապետական ցուցակի զտմանը: Այս փուլում նրանք, ովքեր ռեյտինգայինով արդեն ստացել են մարդատի իրավունք, դուրս են գալիս ցուցակից: Եվ այդ սկզբունքով, համապետական ցուցակը «մաքրելուց» հետո միայն, հայտարարվում է ցուցակով ընտրվածների անունները: Այսինքն, ստացվում է, որ «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորի մանդատ ստանալու իրավունքից ոչ թե Տ.Մուկուչյանի, այլ այն պատճառով զրկվեցին, քանի որ մի կողմից ռեյտինգային ընտրակարգով քիչ ձայներ էին հավաքել, իսկ մյուս կողմից էլ համապետական ցուցակում էլ անցողիկ տեղեր չէին զբաղեցնում: Փաստորեն, այդ էր պատճառը, որ Մանուկ Սուքիասյանը, Ալիկ Եղիկյանը, Մուշեղ Սաղաթելյանը և Հրանտ Դավթյանը թեև մանդատից չհրաժարվելու դիմումներ ներկայացրին ԿԸՀ, սակայն այդպես էլ մանդատ չստացան»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունից հափշտակությունների գործով աղմկահարույց բացահայտումները շարունակվում են: Պարզվում է, որ ՀՀ ՊՆ-ին ապրանք մատակարարող ընկերությունների մասնագետները գաղտնի գործարքի մեջ են մտել զորամասի պաշտոնատար անձանց հետ: Մինչ պաշտպանության նախարարությունը իրեն ապրանք մատակարարած ընկերություններին դատի է տալիս՝ պահանջելով հետ վերադարձնել իրենից հափշտակած գումարները, իրավապահները բանակի պաշտոնատար անձանց եւ զորամասեր ապրանքեր մատակարարող ընկերությունների աշխատակիցների գործողությունների մասով աղմկահարույց բացահայտումներ են իրականացրել:
Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել ՊԲ N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Վիգեն Պետրոսյանը, ՊԲ N զորամասի պարենային ծառայության պետ էդուարդ Ալեքսանյանը, ինչպես նաեւ «Ավանգարդ» ՍՊԸ գլխավոր մասնագետ Կարեն Գրիգորյանը: Ինչպես պարզեցինք՝ «Ավանգարդ» ՍՊԸ-ն ՊԲ վերոնշյալ զորամասին ապրանք է մատակարարել։ ՊԲ N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Վիգեն Պետրոսյանը, ՊԲ N զորամասի պարենային ծառայության պետ էդուարդ Ալեքսանյանը, ինչպես նաեւ «Ավանգարդ» ՍՊԸ գլխավոր մասնագետ Կարեն Գրիգորյանը համաձայնության են եկել զորամաս մատակարարված ապրանքները «մեջ-մեջ անել»։ Ասել է, թե վերջիններս ՀՀ ՊԲ N զորամասի պարենային ծառայության պետ էդուարդ Ալեքսանյանին ասել են, որ կեղծի պաշտոնական փաստաթղթերը, կեղծ ստորագրություններ դնի մատակարարված ապրանքի դիմաց՝ այսպիսով պետությանը պատճառելով շուրջ 3 միլիոն դրամի վնաս»: