Առաջարկվում է երեք նախարարությունների անվանափոխություն և գործառույթների վերանայում
ՀՀ Ազգային ժողովն օգոստոսի 27-ի նիստում քննարկել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ու կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը։
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ առաջարկվում է երեք նախարարությունների անվանափոխություն և գործառույթների վերանայում։ Նպատակն է արդիականացնել պետական կառավարման համակարգը՝ այն համապատասխանեցնելով Կառավարության կողմից իրականացվող պետական քաղաքականությանը և Հայաստանի զարգացման առաջնահերթություններին։
Առաջարկվում է վերանվանել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ այն դարձնելով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն։ Նախարարի խոսքով գործող օրենքում նախարարության պատասխանատվության ոլորտների թվում կիբեռանվտանգության, ամպային հաշվարկների, թվային տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտների կողքին արդեն նշված է արհեստական բանականության ներդրումն ու զարգացումը։ Արհեստական բանականության ուղղությամբ իրականացվում են տարբեր պետական նախաձեռնություններ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկվում է վերանվանել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն։ Սրբուհի Գալյանը նշել է, որ նոր անվանումը շեշտադրում է պետության հիմնական նպատակը՝ ոչ միայն սոցիալական խնդիրներին արձագանքը, այլ նաև մարդկանց և ընտանիքների բարեկեցության շարունակական բարելավումը։ Նրա խոսքով բարեկեցությունը ոչ թե առանձին ոլորտ է, այլ այն վերջնական արդյունքը, որին պետք է ծառայի նախարարության և ամբողջ Կառավարության քաղաքականությունը։ Նախարարության քաղաքականությունն առավել կենտրոնացած կլինի զբաղվածության խթանման, ընտանիքների աջակցման, երեխաների զարգացման, ակտիվ երկարակեցության, հաշմանդամություն ունեցող անձանց ներառման և յուրաքանչյուր քաղաքացու համար արժանապատիվ կյանքի հնարավորությունների ստեղծման վրա։
Առաջարկվում է Արտաքին գործերի նախարարությունը վերանվանել՝ դարձնելով Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։ Փոփոխությունների նպատակն է ավելի արդյունավետ համատեղել արտաքին քաղաքականությունն ու տնտեսական համագործակցությունը։ Նշվել է, որ ՀՀ արտաքին տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները, միջազգային տնտեսական համագործակցության ընդլայնումը և միջազգային առևտրի ոլորտի զարգացումները պահանջում են, որ նախարարության գործառույթներն ու անվանումն ամբողջությամբ արտացոլեն նաև այդ ուղղությամբ իրականացվող քաղաքական առաջնահերթությունն ու կարևորությունը։