Գործադիրը նախատեսում է 800 մլրդ դրամ տեղահանվածների բնակապահովման համար. Փաշինյան
Լուսանկարը` hetq.am
Հայաստանի կառավարությունը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման, ինչպես նաև բազմազավակ ընտանիքների, զինծառայողների և ուսուցիչների սոցիալական աջակցության ծրագրերի ընդլայնման մասին։
Օգոստոսի 27-ին կայացած կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է պետության համապարփակ բնակարանային ռազմավարության մանրամասները: Գլխավոր առաջնահերթությունը շարունակում է մնալ տեղահանվածների աջակցությունը. նրանց բնակարաններով ապահովելու նպատակով նախատեսվում է տրամադրել 800 միլիարդ դրամի ֆինանսավորում:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ ստանձնած հանձնառության շրջանակներում շուրջ յոթ հազար ընտանիք արդեն իսկ ստացել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր, իսկ ծրագրի շահառուների ընդհանուր թիվը կներառի նախապայմաններին համապատասխանող բոլոր քաղաքացիներին՝ գերազանցելով նախնական 10 հազարի հաշվարկը։
Զուգահեռաբար պետությունը նախապատրաստում է նոր սոցիալական նախաձեռնություններ: Առաջիկայում կհաստատվի բազմազավակ ընտանիքների բնակապահովման ծրագիրը և կընդունվի ուսուցչի կարգավիճակի մասին օրենքը, որը նույնպես կներառի բնակարանային ապահովման արտոնություններ: Բացի այդ, շարունակվում է սահմանամերձ և այլ բնակավայրերում բնակարանաշինության աջակցության նախագիծը, որի շրջանակներում տրամադրվում է 16 միլիոն դրամ՝ ուժեղացված սոցիալ-կրթական բաղադրիչով:
Առանձնահատուկ ուշադրության են արժանանում զինծառայողները: Այս տարի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտներն առաջին անգամ բնակարանի ձեռքբերման հավաստագրեր են ստացել անմիջապես ծառայությունը ստանձնելու պահին: Ինչպես հստակեցրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, նման բնակարանների շուկայական արժեքը գնահատվում է մոտ 42 միլիոն դրամ:
«Դա նորմալ, իրատեսական թիվ է, և մարդիկ հանրապետության տարածքում կարող են ձեռք բերել բնակարան՝ օգտագործելով ևս մոտ հինգ միլիոն դրամ նորոգման և այլ ծախսերի համար, - նշել է Նիկոլ Փաշինյանը: - Մեր խնդիրն է ցուցաբերել թիրախային և հասցեական աջակցություն, իսկ մնացած մասով արդեն շուկան ինքը պետք է կարգավորի: Այդ պրոցեսը կարող է նաև մարզերում որոշակի տնտեսական ակտիվություն առաջացնել, և մենք պետք է ուղղորդենք այդ պրոցեսները»: