Կառավարությունը 1,3 մլրդ դրամ են հատկացնում Անկախության 35-ամյակի տոնակատարության համար
Լուսանկարը` hetq.am
Հայաստանի կառավարությունը հաստատել է երկրի Անկախության 35-ամյակի տոնակատարությունների բյուջեն։ Տոնական միջոցառումները կանցկացվեն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ հանրապետության չորս մարզերում՝ ընդգրկելով բազմազան մշակութային ծրագրեր։
Օգոստոսի 27-ի նիստում կայացված որոշման համաձայն՝ կառավարության պահուստային ֆոնդից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կհատկացվի 1 միլիարդ 326 միլիոն դրամ։
«Այս որոշմամբ մենք նպատակ ունենք տոնական տրամադրությունը հասանելի դարձնել բոլորին՝ միջոցառումներ իրականացնելով Երևան քաղաքում, ինչպես նաև Սյունիքի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում», - նշվում է կառավարության որոշման հիմնավորման մեջ։
Գլխավոր իրադարձությունը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում, որի կազմակերպման համար նախատեսված է բյուջեի հիմնական մասը՝ 1 միլիարդ 31 միլիոն դրամ: Հանդիսատեսին կներկայացվի «Հազարան բլբուլ» հեքիաթի մոտիվներով թատերականացված ներկայացում և մեծամասշտաբ համերգ՝ հայտնի արտիստների, սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի մասնակցությամբ։
Մարզային ծրագրերը կմեկնարկեն սեպտեմբերի 18-ին Վանաձորում, որտեղ 95,4 միլիոն դրամի շրջանակում կանցկացվի «Սիմֆոնիկ Ռոք» համերգը։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 19-ին, տոնական միջոցառումների էստաֆետը կտեղափոխվի Կապան, որտեղ հանդես կգան «Լավ էլի», «Ռեինկարնացիա» և «Նեմրա» խմբերը. այս միջոցառման բյուջեն կկազմի 81,6 միլիոն դրամ։
Տոնական օրակարգը ներառում է նաև ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը Գյումրիում՝ 83,9 միլիոն դրամ արժողությամբ, և անմիջապես Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, Իջևանում կայանալիք համերգը, որին հատկացվել է 34,4 միլիոն դրամ։