24.11.2024
Հրապարակվել է թուրք-ադրբեջանական զորավարժանքների տեսանյութը
prev Նախորդ նորություն

Գերմանական «ADK». Արցախի հարեւանությամբ ընտանեկան դինաստիայի բռնապետություն է

Գերմանական «ADK» հանդեսում հրապարակվել է «Լեռնային Ղարաբաղը նոր սահմանադրություն որդեգրեց. դիտորդների տպավորությունները» վերնագրով ծավալուն հոդված, այս մասին հայտնում է Արցախպրեսը:


Հոդվածը համահեղինակել են փետրվարի 20-ին Արցախի սահմանադրական հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացրած ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության երկու նախկին դեսպաններ Ռայներ Մորելը (2012-2015 թթ.) եւ Հանս-Յոխեն Շմիդթը (2009-2012 թթ.), ովքեր ներկայացրել են իրենց տպավորություններն ու գնահատականները:


Գերմանացի դիտորդները նշել են, որ չնայած բարդ իրավիճակին, որում երկար ժամանակ գտնվում է ԼՂՀ-ն (իր պետականության կերտման հենց սկզբից Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմը, այնուհետեւ Ադրբեջանի հետ 1994 թվականին միջազգայնորեն կնքված հրադադարի պայմանագիրը, որն անընդմեջ խախտվել է՝ ընդհուպ մինչեւ անցած տարվա ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից սահմանի ողջ երկայնքով վերսկսված ռազմական հարձակմամբ) 2006թ.-ին հաջողվել է ժողովրդավարական Սահմանադրություն հռչակել, եւ այդ իսկ Սահմանադրությանը համապատասխան՝ ժողովրդավարական ինստիտուտներ կառուցել:


«Այս հանրաքվեն, ինչպես նաեւ նախորդ հանրաքվեները եւ խորհրդարանական ու նախագահական ընտրությունները, ամրացրեցին ԼՂՀ դե-ֆակտո պետության միջազգային իրավական արդյունավետությունը»,- նշել է հոդվածի համահեղինակ Մորելը եւ, անդրադառնալով ադրբեջանաղարաբաղյան հակամարտության թեմային, հավելել, որ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտությունը 21-րդ դարում կարող է միայն բանակցությունների սեղանի շուրջ լուծվել:


Իր հերթին դեսպան Շմիդթն ընդգծել է, որ ուրախալի է, որ 2017 թվականի փետրվարի 20-ին Արցախում տեղի ունեցած Սահմանադրական հանրաքվեն ընթացել է միջազգայնորեն ընդունված պահանջներին համապատասխան: «Եվ այս քաղաքական իրադարձությունը թերագնահատման ենթակա չէ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Արցախի հարեւանությամբ քաղաքական պատկերը գնալով ավելի ու ավելի է արտահայտվում ավտորիտար, ընտանեկան դինաստիայի բռնապետական կառավարման գործընթացներով»,- նշել է Շմիդթը:


Երկու դիվանագետներն էլ մանրամասն անդրադարձել են այն հանգամանքին, որ հանրաքվեն կազմակերպվել է ժողովրդավարության բարձր մակարդակով, ընտրողների նկատմամբ ճնշումներ կամ ընտրական գործընթացի խախտումներ չեն գրանցվել, եւ որ երկրի կառավարման ու անվտանգության հարցերում իրենց շփումների ընթացքում հասարակության եւ իշխանության ներկայացուցիչների կարծիքները շատ նման են եղել:


Նրանք անհրաժեշտ են համարել, որ փոխզիջումների հիման վրա պետք է կարգավորվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, ինչը մեծապես կազդի ողջ Հարավային Կովկասի քաղաքացիական հասարակության սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը: