17.08.2026
Լուսանկարը` armlur.am
prev Նախորդ նորություն

Ֆինանսական ծուղակ. ԿԲ-ն զգուշացնում է «դրածո միջնորդների» մասին

Լուսանկարը` cba.am
Լուսանկարը` cba.am

Հայաստանի Կենտրոնական բանկը ահազանգում է նոր թափ առնող ֆինանսական մեքենայությունների մասին, որոնց զոհը կամ ակամա մասնակիցը կարող է դառնալ ցանկացած քաղաքացի։ Խարդախները մարդկանց ներգրավում են անօրինական փողերի լվացման սխեմաներում՝ օգտագործելով նրանց որպես «դրածո միջնորդներ»։


Ըստ գլխավոր դրամատան տարածած հաղորդագրության՝ հանցագործները հիմնականում թիրախավորում են անձանց սոցիալական ցանցերի, աշխատանքի կեղծ հայտարարությունների կամ ծանոթությունների առցանց հարթակների միջոցով։


Նրանք խոստանում են հեշտ և արագ եկամուտ՝ առանց որևէ մասնագիտական փորձի կամ հմտության, որի դիմաց պահանջում են ընդամենը տրամադրել սեփական բանկային քարտերի, կրիպտոհաշիվների կամ էլեկտրոնային դրամապանակների տվյալները։ Սխեման գործում է հստակ տրամաբանությամբ. քաղաքացու հաշվին գումար է նստում, որն այնուհետև վերջինս պետք է փոխանցի այլ անձանց կամ կանխիկացնի՝ այդպիսով թաքցնելով գումարի իրական ծագումն ու վերջնական շահառուներին։


Կենտրոնական բանկը խստորեն նախազգուշացնում է, որ սեփական ֆինանսական գործիքներն ու հասանելիություններն այլ անձանց փոխանցելը հղի է լուրջ իրավական հետևանքներով։ Անկախ այն հանգամանքից՝ անձը վարձատրվել է այդ գործարքի դիմաց, թե ոչ, կամ արդյոք գիտակցել է արարքի հանցավոր բնույթը, նա ինքնաբերաբար դառնում է փողերի լվացման մասնակից։


Ֆինանսական կառույցը հորդորում է ցուցաբերել առավելագույն զգոնություն, կտրականապես մերժել անծանոթներից ստացվող նմանօրինակ կասկածելի առաջարկները և երբեք չկիսվել անձնական հաշիվների գաղտնաբառերով կամ հաստատման կոդերով՝ հիշեցնելով, որ ֆինանսական հաշիվները նախատեսված են բացառապես անձնական օգտագործման համար։

Լուսանկարը` ՍԱՏՄ
Հաջորդ նորություն next