Մակրոն. Մեծ Բրիտանիայի օրինակով Եվրամիությունը կարող է բախվել Frexit-ի
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Նա մաղշե» (Առաջ) շարժման հիմնադիր Էմանուել Մակրոն, Ֆոտո՝ www.independent.co.uk
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Նա մաղշե» (Առաջ) շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի օրինակով Եվրամիությունը կարող է բախվել Frexit-ին (ԵՄ-ից Ֆրանսիայի դուրս գալուն), եթե այն չիրականացնի բարեփոխումներ: Այս մասին հայտնում է «Բի-բի-սի» գործակալությունը:
Մակրոնը, ով «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենի հետ անցել է Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ, հայտարարել է, որ ընտրարշավի ընթացքում միշտ պաշտպանել է միասնական Եվրոպայի գաղափարը, քանի որ գիտակցում է դրա կարեւորությունը Ֆրանսիայի համար: «Միեւնույն ժամանակ մենք պետք է նայենք իրավիճակին, լսենք մեր մարդկանց, որոնք զայրացած են: Եվրամիության խախտված գործունեությունն այլեւս չի բավարարում ոչ մեկին», - ասել է նա:
Հենց այդ պատճառով «Նա մաղշե» շարժման հիմնադիրը կարծում է, որ իր կողմից դավաճանություն կլինի, եթե թույլ տրվի Եվրամիությանը գործել այս տեսքով: «Ես չեմ ցանկանում այդպես վարվել, քանի որ հաջորդ օրն իսկ մենք կստանանք Frexit կամ նորից «Ազգային ճակատ» կուսակցություն»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Լե Պենը եւ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար և նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը կմրցեն մայիսի 7-ին կայանալիք Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Ընտրվելու պարագայում Լե Պենը խոստանում է բարձրացնել եվրոյի գոտուց դուրս գալու հարցը եւ դնել այն հանրաքվեի, իսկ Մակրոնն ընդհակառակը, կողմ է արտահայտվում Եվրամիության ինստիտուտների հզորացման:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում Մարկրոնը ստացել է ձայների 23․75%-ը, իսկ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը՝ 21․53%-ը։ Երկու թեկնածուներն անցել են ընտրությունների հաջորդ փուլ։