25.11.2024
Ֆոտո՝ Photolure
prev Նախորդ նորություն

Մեկնարկել են ՀՀ-ԵՄ օդային ազատ փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի (Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու) շուրջ բանակցությունների առաջին փուլը: Այս մասին ազդարարել է ՀՀ Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:


«Այն կամրապնդի ԵՄ-Հայաստան համագործակցությունը՝ հիմնված վերջերս նախաստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վրա։ Մենք ակնկալում ենք շոշափելի արդյունքներ, ավելի շատ մրցունակություն հիմնված եվրոպական ստանդարների վրա: Եվ իհարկե, ավելի լավ կապ Հայաստանի համար, Հայաստանի քաղաքացիների համար ավելի ցածր սակագներով ավիատոմսեր դեպի Եվրոպա։ Համաձայնագիրը կօգնի զարգացնել տուրիզմն ու առևտուրը, հնարավորություն կտա ավելի շատ եվրոպացիների բացահատել գեղեցիկ Հայաստանը»,- ասել է դեսպանը բացման իր խոսքում։


Նրա խոսքով, նախատեսվող համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը կմիանա ԵՄ միասնական ավիացիոն գոտուն, ինչի արդյունքում համաձայնագրի կողմերը փոխադարձաբար կազատականացնեն շուկան՝ ավիաընկերություններին ընձեռելով հնարավորություն առանց սահմանափակումների շահագործել երթուղիները և օգտվել հավասար պայմաններում շուրջ 500 միլիոն բնակչություն ունեցող շուկայի սպասարկման լայն հնարավորությունից:


Ինչպես նաև, նշում է դեսպանը, Հայաստանում կներդրվեն արդյունավետորեն կիրառվող եվրոպական ստանդարտները, և հայկական և օտարերկրյա ավիաընկերություններին հնարավորություն կտրվի, շուկայում կոմերցիոն նկատառումներից ելնելով և առանց պետությունների կողմից սահմանափակող միջամտության, շահագործել օդային երթուղիները:


Հիշեցնենք, որ Եվրոպական միության Տրանսպորտի նախարարների խորհրդի կողմից 2016 թվականի դեկտեմբերի 1-ին Եվրոպական հանձնաժողովին տրվել է ՀՀ-ի հետ պաշտոնական բանակցություններ վարելու մանդատ:


ՀՀ բանակցային խումբը ղեկավարելու է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: Բանակցային խմբի անդամներն են` Եվրոպական միությունում ՀՀ առևտրային կցորդ Վ. Սիմոնյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպական վարչության պետ Գ. Ղալաչյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության իրավաբանական վարչության պետ Ա. Հովսեփյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչության պետ Ա. Մայսուրյանը, ՀՀ ԿԱ ՔԱԳՎ աշխատակազմի օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության պետ Գ. Պողոսյանը և ՀՀ ԿԱ ՔԱԳՎ աշխատակազմի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Ա. Չոբանյանը:


ԵՄ բանակցային խումը ղեկավարելու է Եվրոպական hանձնաժողովի Ավիացիոն համաձայնագրերի ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Կլաուս Գեյլը: Բանակցային խմբում ընդգրկված են Եվրոպական hանձնաժողովի Ավիացիոն համաձայնագրերի ստորաբաժանման Ավիացիոն քաղաքականության հարցերի պատասխանատու Եվա Զայդելը, ԵՄ անդամ երկրների և արդյունաբերության ներկայացուցիչներ, ԵՄ պատվիրակության Քաղաքական, Մամուլի և Տեղեկատվության բաժնի ղեկավար Պրն. Դիրկ Լորենցը, Քաղաքական հարցերով պատասխանատու Անդրեա Խալուպովան, Միջազգային օգնության/ համագործակցության պատասխանատու Լյուդովիկ Չեխանովսկին և Առևտրի հարցերով պատասխանատու Կարեն Ազարյանը: