Վրաստանում հրկիզել են պատգամավոր Մանուկյանի ավտոմեքենաները. քրեակա՞ն, թե՞ քաղաքական ակտ
Ֆոտո՝ Ռոսբալտ
Ինչպես հայտնում է jnews.ge կայքը, ապրիլի 22-ի գիշերը ժամը 1-ի սահմաններում փորձել են հրկիզել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանին պատկանող երկու ավտոմեքենաները: Նշվում է, որ մեքենաները կայանած են եղել պատգամավորի տան առաջ:
Ինքը՝ պատգմավորը, արդեն խոսել է կատարվածի մասին եւ կապել այն իր քաղաքական գործունեության հետ: Նա հաստատել է հրկիզման փորձը: «Շատ տարբեր կասկածներ կան, ես կարող եմ վստահեցնել, որ տեղի ունեցածը կապ չունի իմ բիզնես գործունեության հետ, դա կապված է իմ քաղաքական գործունեության հետ: Տեսնենք՝ ինչպես կաշխատի ոստիկանությունը, ինչ կկարողանա պարզել»,- jnews.ge-ի լրագրողի հետ հեռախոսազրույցում ասել է Սամվել Մանուկյանը:
Պատգամավորին պատկանող մեքենաների հրկիզման փորձը նկատել է նրա հարեւանը: Նշվում է, որ պատգամավորի հարևանը պատահաբար նկատել է, թե ինչպես է անհայտ անձը բենզին լցնում մեքենայի վրա և այրում: Նա փախուստի է դիմել, երբ հարևանը բացել է դուռը՝ դեպքի վայրում թողնելով իրեղեն ապացույցներ: Կայքի հաղորդմամբ մինչև հրշեջ ծառայության ժամանումը հնարավոր է եղել հանգցնել կրակը: Մեքենաներից մեկի կրակն արագ մարվել է, երկրորդը բավականին տուժել է կրակից:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ գույքը դիտավորությամբ վնասելու վերաբերյալ Վրաստանի քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով: