Ադրբեջանում դադարեցրել են ռուսական երկու հեռուստաալիքների հեռարձակումը
Ֆոտո՝ Sputnik Азербайджан
Ռուսական ՏՆՏ եւ ՏՆՏ 4 հեռուստաալիքների հեռարձակումն ադրբեջանական որոշ մալուխային օպերատորների միջոցով դադարացվել է: Պատճառն այդ հեռուստաալիքներով Հայոց ցեղասպանության մասին տեսահոլովակների հեռարձակումն է եղել:
Ինչպես հայտնում է haqqin.az-ը, տվյալ ալինքներն այլեւս հասանելի չեն Ադրբեջանում պոպուլյար մալուխային օպերատորներից մեկի՝ Բաքո-ԿԱՏՎ 1-ի բաժանորդներին։ Այդ ընկերությունից հայտնել են, որ հեռարձակումը դադարեցվել է, քանի որ այդ ալիքներով Հայոց ցեղասպանության մասին տեսահոլովակներ են ցուցադրվել։
Միեւնույն ժամանակ նշվում է, որ հեռարձակման դադարեցումը մշտական չէ եւ այն կվերականգնվի ապրիլի 25-ից հետո։ Իսկ մինչ այդ դրանց փոխարեն թուրքական ալիքներ են հեռարձակվում։
ՏՆՏ-ն ու ՏՆՏ4-ը մտնում են «Գազպրոմ- մեդիա․ Ժամանցային հեռուստատեսություն» ենթահոլդինգի մեջ, որի գլխավոր տնօրենը Արթուր Ջանիբեկյանն է։ Ընդհանրապես «Գազպրոմ-մեդիա» հոլդինգը Ռուսաստանի ու Արեւելյան Եվրոպայի առաջատար մեդիաընկերություններից մեկն է: