Թրամփ-Ցզինպին հանդիպման հայտարարությունները արժանի են ուշադրության
Թրամփ-Ցզինպին հանդիպմանը երկու կողմի հայտարարություններն էլ բնականաբար արժանի են ուշադրության: Օրինակ, Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ մտադիր է Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունը հաստատել լիակատար փոխադարձության եւ պարիտետի սկզբունքով:
Նշանակու՞մ է դա, որ ԱՄՆ նախագահը հրաժարվում է տնտեսական սանկցիաների տրամաբանությունից, թե՞ հայտարարությունը պարզապես դիվանագիտական ձեւ է, իսկ բովանդակության առումով Թրամփը մտադիր չէ պահել փոխադարձություն ու պարիտետ:
Նաեւ որոշակի զգուշացում է հնչում Ցզինպինի խոսքում, որն ասում է, թե պետք չէ թույլ տալ, որ ԱՄՆ-Չինաստան հարաբերությունը հայտնվի «Ֆուկիդիդի թակարդում», երբ գերտերությունների պայքարը ավարտվում է հակամարտությամբ:
Այս ակնարկի տողատակը ուշագրավ է, եթե նկատի առնենք, որ «Ֆուկիդիդի թակարդ» հասկացությունը բնորոշվում է այն իմաստով, որ՝ նոր ձեւավորվող ուժը սկսում է արդեն հակազդող լինել գոյություն ունեցող գերուժին: Ցզինպինի ակնարկը Թրամփին թերեւս այն է, որ Չինաստանն այլեւս ԱՄՆ-ին հակազդեցություն է եւ ըստ էության չի վախենում կոնֆլիկտի դեպքում անհամաչափ տուժող լինելուց:
Թրամփը հայտարարել է, որ Ցզինպինի հետ անձնական շփումները պարբերաբար օգնել են հաղթահարել բարդությունները: Թրամփը նաեւ հայտարարել է, թե Ցզինպինը ուժեղ առաջնորդ է, ու չնայած շատերին դուր չի գալիս, որ ինքն ասում է դա, բայց ինքը դարձյալ կասի, որ Ցզինպինն ուժեղ առաջնորդ է: «Ես միշտ ճիշտն եմ ասում», հայտարարել է Թրամփը:
Վերլուծաբան Հակոբ Բադալյան