Ընտրությանը չմասնակցելով, իրար կողքի չկանգնելով այս վիճակից դուրս չենք գա. Ծառուկյան
11.05.2026
Ընտրությանը չմասնակցելով, իրար կողքի չկանգնելով այս վիճակից չենք կարող դուրս գալ: Այսպես չի կարելի շարունակել, սա մեր պատվի խնդիրն է, մեր ապագայի խնդիրն է: Այս մասին Հրազդանում իրականացվող քարոզարշավի շրջանակում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Նրա խոսքով, այսօր այս օրին ենք ոչ ճիշտ նշանակումների համար: Նա հիշեցրեց, որ առաջ, ԽՍՀՄ տարիներին, մարդիկ երկար ճանապարհ էին անցնում, հետագիծ ձևավորում, նոր ինչ-որ պաշտոնի հասնում, իսկ այսօր մարդիկ կան, որ հիսուն տարի ոչինչ չեն արել, քարը քարին չեն դրել, բայց մեկ էլ՝ նախարար: Այդպես չի կարելի:
Անդրադառնալով իշխանության հիմնական թեզին՝ խաղաղությանը, և իր նախընտրական ծրագրի մեխին՝ երաշխավորված խաղաղությանը, Գագիկ Ծառուկյանը նշեց.
"Խաղաղությունը ո՞րն է: Իրենք Ալիևի հետ պայմանավորվածություն ունեն, բայց ոչ մի ստորագրած թուղթ չկա, նա էլ պահանջում է, էս պետք է տաք, Քյարքին պետք է տաք, 300 000 ադրբեջանցի պետք է գա Հայաստան.... երեկ էլ խոսել է, թե անպայման ընտրություններից հետո ՀՀ-ն պետք է Սահմանադրությունը փոխի, այդ 300 000 ադրբեջանցիները գան: Մեր Արցախի ժողովուրդը ամեն ինչ, տուն, տեղ, ունեցվածք թողել եկել են այստեղ, ապրելու տեղ չկա, բայց այնտեղ գնալու մասին խոսք չկա: Ինչպե՞ս է սա հնարավոր: Դրա համար, առաջնային պետք է երաշխավորված խաղաղություն, որը խոշոր պետությունների միջնորդությամբ ստորագրված խաղաղության պայմանագիր է նշանակում, որտեղ ամեն ինչ կլինի ամրագրված սևով սպիտակին: Իսկ ով խախտեց՝ պատժվելու է: Հենց այդ ժամանակ մենք պատերազմի դռները ամուր փակում ենք":
Ծառուկյանը հավելեց՝ միշտ թույլն է զիջում, այնպես որ միայն ասելով չի, թե խաղաղություն են բերել:
"Եթե մարդիկ ուզում են հանգիստ ապրել ու բարեկեցիկ, դրա համար պետք է լինի երաշխավորված խաղաղություն",- հավելեց նա: