Դեսպան. Լեհ գործարարները շահագրգռված են հայկական շուկա մուտք գործելու հարցում
Հայաստանն ունի բազմաթիվ ներդրումային նախաձեռնություններ, որոնք կհետաքրքրեն Լեհաստանին և ակնկալում է աջակցություն՝ դրանք լեհ գործարարներին ներկայացնելու հարցում: Այս մասին Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկիի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Համոզված եմ, տնտեսական կապերն ակտիվացնելու և զարգացնելու համար ունենք մեծ ներուժ»,- նշել է վարչապետը:
Կարեն Կարապետյանը կարևորել է երկկողմ համագործակցության զարգացումն ու խորացումը տարբեր ոլորտներում, հատկապես, տնտեսության բնագավառում: Նա ընդգծել է Հայաստանում լեհական ընկերությունների գործունեության հաջող օրինակներ և անհրաժեշտ համարել հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների էլ ավելի ակտիվացումը, ինչպես նաև գործարար համաժողովների անցկացումը:
Իր հերթին Լեհաստանի դեսպանը ևս կարևորել է երկու երկրների գործարարների համագործակցությունը, առևտրաշրջանառության ծավալների ավելացումը և վստահեցրել, որ այդ ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քայլեր: Եժի Նովակովսկիի խոսքով, բազմաթիվ լեհ գործարարներ շահագրգռված են հայկական շուկա մուտք գործելու հարցում և պատրաստ ներգրավվել վերականգնվող էներգետիկայի, շինարարության, տրանսպորտի ու այլ ոլորտներում իրականացվելիք ծրագրերում:
Հայ-լեհական կապերի ամրապնդման գործում զրուցակիցները կարևորել են նաև Վարշավա-Երևան ավիաչվերթերի վերագործարկման փաստը: