Պետությունը շարունակելու է գործնական քայլեր ձեռնարկել սպայական մասնագիտությունն ընտրած իր քաղաքացիների նկատմամբ: Ինչպես նաև շարունակելու է Հայրենիքի համար իրենց կյանքը զոհած կամ ծառայության արդյունքում հաշմանդամություն ստացած մեր զինծառայողների և նրանց ընտանիքների հանդեպ հատուկ հոգատարություն ցուցաբերելու իր քաղաքականությունը:
Այս մասին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին նվիրված «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովին հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա տեղեկացրեց, որ արդեն հանձնարարել է ՀՀ պաշտպանության նախարարին, որպեսզի անհապաղ գործուն քայլեր ձեռնարկի զոհված և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու համար: «Այս խնդիրը վերջնականապես պետք է լուծվի և այս խնդիրը վերջնականապես պետք է լուծվի ամենաուշը մինչև 2019 թվականի ավարտը: Հանձնարարել եմ նաև անհապաղ ուսումնասիրել և լուծում տալ սեփականաշնորհման ենթակա՝ պաշտպանության նախարարության այն բնակարանային ֆոնդի օտարմանը, որը զբաղեցնում են սեփական բնակարանի փոխհատուցման իրավունք ձեռք բերած մեր զինծառայողները»,- նշեց երկրի ղեկավարը:
Խոսելով հայրենասիրության մասին, Սերժ Սարգսյանը նշեց, որ պետք է ամրապնդենք ՀՀ դպրոցական համակարգը: Արժանապատիվ քաղաքացի և հասարակության պատասխանատու անդամ դաստիարակելու գործում կարևոր դերակատարություն է, անշուշտ, վերապահված հենց դպրոցին: Հայրենասիրությունը, մարդասիրությունն ու պատվախնդրությունը բոլորիս մեջ ներարկել են մեր ուսուցիչները:
«Ազատասիրությունը և հայրենասիրությունը նույն մեդալի երկու երեսներն են: Մենք արժանի պետք է լինենք այդ մեդալին: Պաշտպանե՛ք մեր ազատությունը, ինչպես կպաշտպանեինք մեր այգին, քանի որ առանց այդ այգու չեք ունենա ո՛չ վաստակ, և ո՛չ էլ որևէ այլ բան: Վերահաս վտանգի առաջ համախմբվում են շատերը: Դա կոչվում է, ինչպես գիտեք, ինքնապաշտպանության բնազդ: Այդ բնազդը հատուկ է նույնիսկ կենդանիներին: Մեր ազգային համախմբումը հիմնված չէ և չպետք է հիմնված լինի ինքնապաշտպանական բնազդների վրա: Այն խորապես գիտակցված ընտրություն է և կոչվում է ազատություն. տիրո՛ջ ազատություն և տիրո՛ջ պատասխանատվություն: Այն մեր ինքնության և ինքնագիտակցության կարևոր բաղադրիչն է եղել հազարամյակներ և լինելու է այսուհետ ևս: Երբ մենք ասում ենք, որ հարգում ենք և հարգելու ենք մարդու հիմնարար ազատությունները, դա մենք չենք անում ինչ-որ մեկին դուր գալու համար: Մենք դա ասում ենք և անում ենք, քանի որ մարդն առանց հիմնարար ազատությունների լիարժեք չէ»,- ասաց ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանի խոսքով, խաղաղ պայմաններում մենք ազգ-այգեպան ենք, իսկ վտանգի պահին դառնում ենք ազգ-բանակ. «Ահա սա է մեր երկրի տերերի, երկրի մշակների և երկրի պաշտպանների հայեցակարգը»:
Նշենք, որ «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովը համատեղ կազմակերպել են պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունները: Համաժողովին հրավիրված են մասնակցելու պաշտպանական և կրթական գերատեսչությունների պատասխանատուներ, հանրակրթական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ, ուսուցիչներ, դասախոսներ, զինղեկեր, գիտական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: