Forbes ամսագրի ռուսական հանդեսը հրապարակել է ռուսաստանցի 200 ամենահարուստ գործարարների 2017 թվականի վարկանիշը, որում տեղ են գտել յոթ հայազգի խոշոր գործարարներ: Այս տարի 200-ի մեջ ընդգրկվելու համար անհրաժեշտ էր նվազագույնը 500 միլիոն դոլար ունենալ՝ 150 միլիոն դոլարով ավելի 2016 թվականի ցուցանիշից:
200 ամենահարուստ ռուսաստանցիների ընդհանուր կարողությունը մեկ տարում աճել է 100 միլիարդ դոլարով և կազմել 460 միլիարդ դոլար: Դոլարային միլիարդատերերի թիվը 77-ից աճել է 96-ի: Առաջին տասնյակում հայտնվելու համար անհրաժեշտ էր առնվազն 12.4 միլիարդ դոլար ունենալ անցած տարվա 8.7 միլիարդ դոլարի դիմաց: Ֆորբսը նշում է, որ վերջին մեկ տարում ռուբլու 38% արժևորումն ազդեցություն է ունեցել ակտիվների արժեքի դոլարային գնահատման վրա:
Միլիարդատերերի կարողության ավելացման մեկ այլ նպաստող գործոն է մետաղների համաշխարհային գների աճը:
Երկրորդ տարին անընդմեջ ամենահարուստ ռուսաստանցիների ցանկը գլխավորում է «Նովատեկ» ընկերության ղեկավար Լեոնիդ Միխելսոնը, որի կարողությունը գնահատվել է 18.4 միլիարդ դոլար: Ընկերությունը զբաղվում է գազային բիզնեսով: Միխելսոնին հաջորդում են՝ Ալեքսեյ Մորդաշով (Սևերստալ, մետալուրգիա, մեքենաշինություն) 17.5 միլիարդ դոլար, Վլադիմիր Լիսին (ՆԼՄԿ ընկերություն, մետալուրգիա) 16.1 միլիարդ դոլար, Գենադի Տիմչենկո (Նովատեկ, Սիբուր, ներդրումներ) 16 միլիարդ դոլար, Ալիշեր Ուսմանով (USM Holdings, մետալուրգիա, հեռահաղորդակցություններ) 15.2 միլիարդ դոլար, Վագիթ Ալեքպերով (Լուկօյլ, նավթ) 14.5 միլիարդ դոլար, Միխաիլ Ֆրիդման (LetterOne Holdings, Ալֆա գրուպ, նավթ, ֆինանսներ, առևտուր) 14.4 միլիարդ դոլար, Վլադիմիր Պոտանին (Ինտերրոս, Նորիլսկի նիկել, մետալուրգիա) 14.3 միլիարդ դոլար, Անդրեյ Մելնիչենկո (Եվրոխիմ, գազ) 13.2 միլիարդ դոլար, Վիկտոր Վեկսելբերգ (ալյումին, ներդրումներ) 12.4 միլիարդ դոլար:
Հայկական ծագում ունեցող գործարարներից Սերգեյ Գալիցկիոն 6.8 միլիարդ դոլարով 18-րդն է, Սամվել Կարապետյանը 3.4 միլիարդ դոլարով 32-րդն է, Դանիլ Խաչատուրովը 2 միլիարդով 48-րդն է, Ռուբեն Վարդանյանը 950 միլիոն դոլարով 99-րդն է, Ալբերտ Ավդոլյանը 800 միլիոն դոլարով 123-րդն է, Նիկոլայ Սարկիսովը 700 միլիոնով 146-րդն է, Սերգեյ Սարկիսովը 700 միլիոնով 147-րդը: