Ֆրանսիան կշարունակի Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը. Մարին Լը Պեն
Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարում մարդկության դեմ առաջին մեծ հանցագործությունն է։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը՝ Ֆրանսիայի հայերի «Nouvelles d’Arménie» պարբերականին տված հարցազրույցում։
«Ես կշարունակեմ հարգել Ցեղասպանության հիշատակը, որին զոհ դարձավ հայ ժողովուրդը։ Չէ՞ որ խոսքը 20-րդ դարում մարդկության դեմ առաջին առաջին մեծ հանցագործության մասին է։ Բացի այդ, հայերի մեծ հոսք 1915 թվականին եղավ դեպի մեր երկիր։ Դա մեծ իրադարձություն է Ֆրանսիայի պատմության մեջ, քանի որ նրանք շատ բան են տվել մեր երկրին պատերազմի ժամանակ եւ մեզ օգնել վերականգնել երկիրը։ Նրանք նաեւ շատ լավ ինտեգրվել են մեր հասարակությունում», -ասել է Լը Պենը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ապրիլի 24-ը պաշտոնապես կճանաչվի Հայոց ցեղասպանության օր եւ կներառվի երկրի պաշտոնական օրացույցում՝ Լը Պենը նշել է, որ պաշտոնական օրացույցում պետք է լինեն բոլոր ֆրանսիացիների համար ամենակարեւոր օրերը։ «Կարեւոր է պահպանել հայոց ողբերգության հիշատակը, բայց դա չի վերաբերում պաշտոնական օրացույցին»,-հայտարարել է նա։
Նրա խոսքով՝ Ֆրանսիան կշարունակի Ցեղասպանության ճանաչման համար պայքարը, քանի որ հենց նա է մարդու իրավունքների հայրենիքը եւ «բազմաթիվ հայեր այստեղ ապաստան են գտել ու շատ լավ ինտեգրվել մեր հասարակությունում»։