Փորձագետներ. Վրաստանն ու Իրանը շեշտը դնում են տնտեսության վրա
Մեկօրյա այցով Վրաստան է այցելել Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։ Իր գործընկեր Միխաիլ Ջանելիձեի հետ բանակցություններում նա շեշտը դրել է տնտեսական ծրագրերի վրա։ Քննարկման հիմնական թեման էր Պարսից ծոցն ու Սև ծովը կապող տրանսպոտային միջանցքի ստեղծումը, փոխանցում է ekhokavkaza։
Միջազգային հարաբերությունների հարցերով փորձագետ Գեորգի Խատիաշվիլին հայտարարել է, որ Իրանի ու Վրաստանի կողմից տնտեսական նախագծերի վրա շեշտը դնելը տրամաբանական է, քանի որ քաղաքական առումով նրանք «ընթանում» են տարբեր ուղղություններով`Վրաստանն աջակցում է ԱՄՆ–ի գործողությունները Սիրիայում և այլն։
Ըստ նրա, Իրանը 80 միլիոն բնակչությամբ երկիր է ու Վրաստանին ձեռնտու է օգտագործել նրանց զբոսաշրջային, էներգետիկ ու ներդրումային ներուժը։
Էներգետիկ հարցերով փորձագետ Անդրիա Գվիդիանին հայտարարել է, որ Իրանի ակտիվացումը Կովկասի ուղղությամբ տրամաբանական է` Արևմուտքի պատժամիջոցների ֆոնին Իրանին անհրաժեշտ են սպառման նոր շուկաներ։
«Վրաստանը գտնվում է առևտրային ուղղությունների խաչմերուկում ու Իրանը ցանկանում է օգտագործել Հյուսիս–Հարավ էներգետիկ միջանցքը։ Իրանի ու ՀՀ–ի միջև առկա է բարտեր` էլեկտրաէներգիա գազի դիմաց սխեմայով։ Հեռանկարում Իրանը կարող է իրականացնել իր ապրանքների տարանցումն Ադրբեջանն ու Թուրքիան կապող երկաթգծով»,–հավելել է նա։