Ինչո՞ւ այս քայլը մինչև հիմա չի արվել. դա կարող էր փրկել մեր զինվորների կյանքերը
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը արձագանքել է այն քննադատություններին, որոնք վերաբերում են իրենց անվտանգության ծրագրում օտարերկրյա մասնագետների ներգրավմանը, մասնավորապես՝ իսրայելցի փորձագետի մասնակցությանը։
Կարապետյանի խոսքով՝ զինվորների անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է համագործակցել աշխարհի լավագույն մասնագետների հետ՝ անկախ նրանց երկրից։ Նրա ներկայացմամբ՝ ծրագրում ներգրավված գեներալը համարվում է հակաօդային պաշտպանության ոլորտի առաջատար մասնագետներից մեկը։
«Մենք մեծ ջանքեր ենք գործադրել, որպեսզի նրան և նրա թիմին ներգրավենք Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգի վերականգնման և արդիականացման գործընթացում», — նշել է նա՝ հիշեցնելով, որ 2020 թվականի պատերազմում հայկական կորուստների զգալի մասը պայմանավորված էր հենց ՀՕՊ համակարգի խնդիրներով։
Անդրադառնալով քննադատություններին՝ Կարապետյանը հարցը ձևակերպել է ավելի կտրուկ.
«Եթե քո որդին լինի սահմանին, դիրքերում, և նրա գլխավերևում թռչի «Բայրաքթարը», դու կասե՞ս՝ ինչու եք նրան խոցելու համար հրեա մասնագետ բերել, թե՞ կասես՝ ճիշտ եք արել»։