Ռուսական ռազմակայանում սկսվել է ձմեռային շրջանի ուսուցման ստուգարքների հանձնումը
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի ընդհանուր ղեկավարությամբ սկսվել է ձմեռային շրջանի ուսուցման ստուգարքների հանձնումը:
Օկրուգի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ընդամենը պատրաստության մակարդակի գնահատման ընթացքում ներգրավված են 2 հազարից ավելի զինծառայողներ և շուրջ 500 միավոր զենք ու ռազմական տեխնիկա:
Զորամիավորման զինծառայողների կողմից ստուգարքների հանձնումը կտևի 3 շաբաթ և կանցկացվի 3 փուլով: Առաջին փուլում գնահատվելու է ռազմակայանի ամբողջ անձնակազմի մարտական պատրաստության մակարդակը, մարտական հերթապահության, օպերատիվ պատրաստության, զենքի ու ռազմական տեխնիկայի վիճակը, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, իրավակարգի և զինվորական կարգապահության պահպանումը:
Երկրորդ փուլում Գյումրիի և Երևանի զինվորական կայազորների մշտական տեղաբաշխման վայրերում զինծառայողներն ստուգարքներ են հանձնելու ղեկավար փաստաթղթերի, կանոնադրությունների, անվտանգության պահանջների իմացության գծով և լուծելու են սիտուացիոն ու մարտավարական խնդիրներ:
Երրորդ փուլի ընթացքում գնահատվելու են ստորաբաժանումների պրակտիկ գործողությունները ծովի մակերևույթից 1,5 հազարից մինչև 2,2 հազար մետր բարձրության վրա գտնվող «Կամխուտ» և «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարաններում ցերեկային ու գիշերային ժամերին:
Պարապմունքների ընթացքում զորամիավորման զինծառայողները կատարելու են թրթուրավոր և զրահատանկային տեխնիկայի վարման վարժանքներ, հրաձգություն: Նաև ռազմական օկրուգի հանձնաժողովը անձնակազմից նորմատիվներ է ընդունելու հատուկ, տեխնիկական, մարտավարական, շարային և ֆիզիկական պատրաստությունից, ռազմական տեղագրությունից և ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանությունից: