17.03.2026
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Օման
prev Նախորդ նորություն

Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհքաղաքական դիմակայության հարթակի. Ծառուկյան

"Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ.


Այսօր ցանկանում եմ ներկայացնել մեր նախընտրական ծրագրի մի քանի առանցքային սկզբունքներ, ինչպես նաև մեր տեսլականը Հայաստանի ապագայի վերաբերյալ՝ որպես բաց և բովանդակալից երկխոսության հրավեր մեր միջազգային գործընկերներին և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսին։

1. Առաջիկա քաղաքական գործընթացներն ու ընտրությունները չեն հանդիսանում աշխարհաքաղաքական ընտրություն ուժային կենտրոնների միջև։ Սա գաղափարների, ծրագրերի և պետության զարգացման մոտեցումների մրցակցություն է, որը պետք է տեղի ունենա սահմանադրական և ժողովրդավարական ընթացակարգերի շրջանակում։ Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի։

2. Ներքին բոլոր փոփոխությունները պետք է իրականացվեն սահմանադրական ընթացակարգերի միջոցով։ Մենք համոզված ենք, որ քաղաքական գործընթացների լեգիտիմության և կանխատեսելիության ամրապնդումը պետության կայունության և հասարակական վստահության հիմքն է։

3. Մոտ ժամանակներում մենք կներկայացնենք արտաքին քաղաքականության մեր հայեցակարգը, որը հստակորեն ցույց կտա, թե ինչպես է Հայաստանը վերականգնելու հավասարակշռությունը, հուսալիությունը և կայունությունը գործընկերների հետ հարաբերություններում։

4. Մեր արտաքին քաղաքականության ռազմավարության հիմքում դրված է ռազմավարական և կանխատեսելի հավասարակշռության վերականգնման սկզբունքը։ Հայաստանը գործընկերային հարաբերություններ է կառուցելու միջազգային բոլոր հիմնական դերակատարների հետ՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, ԵՄ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, ինչպես նաև հարևան պետությունների հետ։ Մեզ համար սա միջազգային հարաբերություններում վստահելիության և կանխատեսելիության ամրապնդման համակարգային ռազմավարություն է։

5. Հայաստանը պետք է դառնա ներդրումների, ենթակառուցվածքային նախագծերի և նոր հնարավորությունների համար բաց երկիր։ Մենք տեսնում ենք առանձնահատուկ ներուժ տարածաշրջանային տրանսպորտային հանգույցների և հաղորդակցության ուղիների զարգացման մեջ, ինչը կարող է ուժեղացնել Հայաստանի դերը՝ որպես տնտեսական տարածքները կապող օղակի։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է զարգացնել տեխնոլոգիական տնտեսությունը, աջակցել նորարարություններին, թվային ենթակառուցվածքների և նոր ոլորտների զարգացմանը։ Ներդրումները, ենթակառուցվածքային նախագծերը և տեխնոլոգիական զարգացումը ոչ միայն տնտեսական աճ են ապահովում, այլև երկարաժամկետ կայունության և տարածաշրջանային ազդեցության հիմք են։

6. Միջազգային գործընկերների հետ շարունակական և կառուցողական երկխոսությունը հնարավորություն է տալիս արտաքին քաղաքականությունը, տնտեսական ռազմավարությունը և ինստիտուցիոնալ զարգացումը միավորել մեկ ամբողջական, փոխկապակցված տեսլականի մեջ։

7. Անվտանգության և խաղաղության հարցը հայ ժողովրդի համար ունի խոր պատմական հիմքեր։ Մեր առաջնահերթ նպատակը երաշխավորված և արդար խաղաղության հաստատումն է։

8. Հայերն աշխարհի տարբեր երկրներում միշտ կարևոր ներդրում են ունեցել իրենց բնակության երկրների զարգացման մեջ։ Այսօր մենք առաջարկում ենք մոտեցում, որը Սփյուռքի ներուժը դիտարկում է ոչ միայն որպես ռեսուրս, այլ որպես Հայաստանի ռազմավարական խորության ընդլայնման գործոն։ Մենք ծրագրում ենք Սփյուռքի ներգրավումը տնտեսական, տեխնոլոգիական, գիտական և մշակութային նախագծերում, ինչը կամրապնդի Հայաստանի կայունությունը և դերը միջազգային ասպարեզում։ Մեր խնդիրն է ստեղծել ամբողջ աշխարհում ապրող հայերի համագործակցության ժամանակակից ցանցային համակարգ։ Մենք համոզված ենք, որ Հայաստանը կարող է բնական կամուրջ դառնալ տարբեր երկրների և տարածաշրջանների միջև՝ հայ ժողովրդի գլոբալ ներկայությունն օգտագործելով որպես ռազմավարական խորության գործիք։

Իմ թիմում այսօր համախմբված են մասնագետներ, որոնք ունեն պետական կառավարման և միջազգային համագործակցության փորձ, պրոֆեսիոնալներ, որոնք կարող են հավասարակշռված որոշումներ ընդունել երկրի զարգացման և ժողովրդի շահերի պաշտպանության համար։

Մեր նպատակը կայուն, անվտանգ և զարգացող Հայաստան կառուցելն է։ Պետություն, որն ամրապնդում է իր ինստիտուտները, որի արտաքին քաղաքականությունը վերականգնում է ռազմավարական հավասարակշռությունը և լիարժեքորեն բացահայտում իր ժողովրդի ներուժը։

Մենք տեսնում ենք Հայաստանը որպես երկիր, որը կապում է տարածաշրջանները և ստեղծում համագործակցության հնարավորություններ։