4.03.2026
Երախտապարտ ենք ՀՀ-ին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների ելքն ապահովելու հարցում աջակցության համար
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղություն են կառուցում տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգանքի հիման վրա, և այս գործընթացը պատմական հնարավորություն է բացում ամբողջ տարածաշրջանի համար։ Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Թբիլիսիում կայացած Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստից հետո ելույթ ունենալով։


«Հուսով եմ, որ խաղաղության նմանատիպ երկարաժամկետ ամրապնդում տեղի կունենա նաև Վրաստանում։ Ուզում եմ անկեղծորեն ասել. մենք շատ հետաքրքրված ենք դրանով, քանի որ տեսնում ենք մեր տարածաշրջանի դժվարին ճակատագիրը հաղթահարելու հսկայական ներուժ և հույս ունենք, որ այս հնարավորությունը կօգտագործվի», - հայտարարել է վարչապետը։


Նա նշել է, որ Վրաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և քաղաքական անկախության հարգանքը կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի համար՝ որպես տարածաշրջանում երկարաժամկետ կայունության և խաղաղության ամրապնդման գործոն։ Վարչապետը նաև նշել է, որ Հայաստանն ու Վրաստանը ակտիվորեն համագործակցում են միջազգային մակարդակով։


Նա հայտնել է, որ վրացական կողմին ներկայացրել է Հայաստանի միջազգային և տարածաշրջանային օրակարգը, այդ թվում՝ TRIPP ներդրումային նախագիծը, Թուրքիայի հետ հարաբերությունները և Ռուսաստանի հետ համագործակցությունը՝ նշելով, որ գործընկերային աջակցությունը կարևորագույն նշանակություն ունի խաղաղության գործընթացի հաջող զարգացման համար։