6.02.2026
Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին
prev Նախորդ նորություն

Վարչապետի թեկնածու ունեմ, ես ինքս չեմ հավակնում. Գագիկ Ծառուկյան

Մասնակցելու եմ առաջիկա ընտրություններին "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունով և "Առաջարկ Հայաստանին" ծրագրով: Այս մասին «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում երիտասարդների հետ հանդիպմանը հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:


"Մոտ ժամանակներս ձևաչափը կներկայացնեմ, շատ գեղեցիկ անակնկալներով, շատ չի մնացել",- ասաց Ծառուկյանը:


Երիտասարդի հարցին, թե որոշ ժամանակ առաջ ինքը հայտարարել էր, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին, Գագիկ Ծառուկյանը հաստատեց.


"Ես ասել եմ և ևս մեկ անգամ հաստատում եմ, որ վարչապետի հավակնություններ ու ցանկություններ չունեմ: Իսկ վարչապետի պաշտոնի թեկնածու իհարկե ունեմ, մեկի տեղը երեքը ունեմ՝ մեկը մեկից գրագետ, պատրաստված, ուժեղ",- ասաց նա:


Ճշտող հարցին՝ նրանք նախկինների՞ց են, Ծառուկյանը հորդորեց մոռանալ այդ՝ նախկին-նոր խոսույթը և խոսել ապագայից:


Անցնելով այլ հարցերի, Գագիկ Ծառուկյանը արձանագրեց, որ Արցախի պատերազմից հետո բոլորս էլ կոտրված և խեղճացած ենք, մտքերի մեջ: Բայց չկա աշխարհում մի հարց, մի խնդիր, վստահ է նա, որ լուծում չունենա, բոլորն էլ լուծում ունեն: Իսկ մեր լուծումն այն է, որ մենք այս խեղճությունից պետք է դուրս գանք: 


Նրա խոսքով՝ մենք չենք կարող խեղճացած մնալ, դա հայությանը չի սազում.


"Մենք պարտավոր ենք միասնական լինել, մեջք մեջքի տաnq, մերոնք-ձերոնք ու թշնամանքին վերջ տանք, կազմակերպվենք ու աշխարհին ապացուցենք, որ այդ խեղճությունից մենք դուրս ենք գալու, որովհետև այն մեր թշնամին է: Ով խելացի և ճիշտ առաջարկ է անում, դա պետք է իրականություն դարձնենք և դրա հիման վրա կարողանանք կազմակերպել, մտածել, ծրագիր իրականացնել, այդ հարցերը կարգավորել: Եվ այդ ժամանակ աշխարհն էլ մեզ կհարգի, դաշնակիցներ էլ կունենանք. ուժեղ մարդու հետ են հաշվի նստում, թույլի հետ հաշվի չեն նստում",-նշեց Գագիկ Ծառուկյանը:


Նա անդրադարձավ նաև գյուղացիների հոգսերին, նշելով, որ գյուղացու մասին պետք է և առաջնահերթ է մտածելը, արտոնություններ տալը, դոտացիաներ տրամադրելը, քանի որ գյուղացին պետք է մնա իր հողի վրա. դա հենց երկրի համար է կարևոր: Եվ շեշտեց՝ անհրաժեշտ է վերաբացել երկրում Գյուղատնտեսության նախարարությունը:


Հանդիպմանը քննարկվեցին երկրի տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր՝ տնտեսությունից և գյուղատնտեսությունից մինչև արտաքին քաղաքականություն ու սոցիալական խնդիրներ։


Քննարկումների առանցքում էին արտագաղթը, գյուղոլորտի զարգացումը, ընտանիքների կայացումը, թոշակառուների խնդիրները և երիտասարդների դերը երկրի զարգացման գործընթացում։


Մանրամասները՝ տեսանյութում


Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը դատական հայց են ներկայացրել ՀԱԵ դեմ
Հաջորդ նորություն next