Արցախ Միությունն ամփոփել է տեղահանված փոքր բիզնեսների աջակցության ծրագիրը
Արցախ Միությունն ամփոփել է «Արցախյան տեղահանված գերփոքր ու փոքր ձեռնարկատերերի քարտեզագրում, իրազեկում և կարողությունների զարգացում» ծրագիրը, որն իրականացվել է Իզմիրլյան հիմնադրամի համաֆինանսավորմամբ։ Ավարտական միջոցառումը տեղի ունեցավ հունվարի 30-ին «Թումանյանս արտ» կենտրոնում։
Ծրագրի հիմնական ձեռքբերումներն են՝
Կրթական բաղադրիչ. Դասընթացների փուլին մասնակցած 25 ձեռնարկատերեր հաջողությամբ ավարտել են այն և ստացել ավարտական հավաստագրեր։
Ֆինանսական աջակցություն. Մասնակիցներից 5-ն արժանացել են բիզնեսի զարգացման համար նախատեսված փոքր դրամաշնորհների։
Թվային գործիքակազմ. Որպես ծրագրի առանցքային արդյունք՝ ստեղծվել է Արցախյան ձեռնարկությունների շտեմարան։ Այն նպատակ ունի բարձրացնել արցախյան բիզնեսների տեսանելիությունն ու ընդլայնել նրանց շուկայական հասանելիությունը։
Խորհրդատվություն. Մասնակիցների համար մշակվել են անհատական «ճանապարհային քարտեզներ», որոնք կօգնեն հստակ պլանավորել բիզնեսի հետագա քայլերը։
Կրթական ու խորհրդատվական բաղադրիչներն իրականացվել են «Իննոբիզ» մասնագիտացված կազմակերպության հետ համագործակցաբար:
Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը, կարևորելով ծրագրի ազդեցությունը, նշել է.
«Ուրախ եմ արձանագրել, որ ծրագրի շրջանակում մեզ հաջողվեց ոչ միայն ստեղծել ու հանրայնացնել արցախյան ձեռնարկությունների շտեմարանը, այլև թիրախային գիտելիքներ ու խորհրդատվություն փոխանցել մեր շահառուներին։ Վստահ եմ, որ ձեռք բերված կարողություններն ու գործնական գործիքները էականորեն կնպաստեն տեղահանված մեր հայրենակիցների բիզնեսների կայացմանը, զարգացմանը և նրանց կենսամակարդակի հետևողական բարելավմանը»։
Իզմիրլյան հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը փաստել է, որ հիմնադրամը մշտապես սատարել է արցախցիներին թե՛ Արցախում և թե՛ Հայաստանում։ Նա գոհունակություն է հայտնել ծրագրի արդյունքների առթիվ՝ ընդգծելով դրանց կարևորությունը տեղահանված շահառուների համար: