Երկու տեղ աշխատող քաղաքացիներից բժշկական ապահովագրության համար կրկնակի վճար է գանձվում
Հայաստանում համատեղությամբ աշխատող քաղաքացիներից համընդհանուր պարտադիր բժշկական ապահովագրության համար գանձվում է կրկնակի վճար: Այս մասին փետրվարի 4-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ դիմելով Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանին:
Պատգամավորի խոսքով՝ ինքն արդեն տևական ժամանակ է, ինչ կապի մեջ է Առողջապահության նախարարության հետ։ «Գերատեսչությունում հավաստիացնում են, որ իրենք արագ են արձագանքում առաջացող խնդիրներին ու մարտահրավերներին, սակայն գործնականում հարցերը չեն լուծվում։ Որքան էլ քաղաքացու համար կարևոր լինեն հարկերը, պակաս կարևոր չէ, որ պետությունը լրացուցիչ միջոցների համար «չմտնի նրա գրպանը»։ Ընդ որում, նույնիսկ այն դեպքում, երբ առկա է այս կամ այն կերպ այդ միջոցները վերադարձնելու խոստումը։ Պետությունը չպետք է հարկի կամ մարդկանցից կրկնակի վճար գանձի միևնույն ծառայության համար», - ասել է Ավետիսյանը՝ հավելելով, որ անձամբ է առերեսվել այդ խնդրին։
Այս հարցը, ինչպես նշել է խորհրդարանականը, քննարկվել է փորձագետների հետ։ Նրանցից ոմանք նույնիսկ պատկերացում չունեն, թե ինչպես պետք է լուծել տվյալ խնդիրը։ «Այս պահին լուծումներ չկան։ Չպետք է իրականացնել կրկնակի գանձում։ Չպետք է նաև խոստանալ միջոցների վերադարձ ապագայում՝ անորոշ հեռանկարներով։ Չէ՞ որ դուք նույնիսկ գաղափար չունեք, թե ինչպես դա անել», - ընդգծել է ընդդիմադիր գործիչը։
Նրա կարծիքով՝ սա շատ վտանգավոր քաղաքականություն է, որը կարող է առաջացնել բացասական վերաբերմունք և համակարգի նկատմամբ անվստահություն։
Սահակյանը համաձայնել է պատգամավորի հետ՝ նշելով. «Չնայած դուք ճիշտ եք, գործնական լուծում դեռևս չի ներդրվել: Այնուամենայնիվ, օրենսդրական նորմերն ու մեխանիզմներն արդեն գոյություն ունեն: Ինչքան ես գիտեմ, համապատասխան որոշումները կկայացվեն առաջիկա օրերի, և կներդրվի վերադարձման համակարգ»: