3.02.2026
Շնորհավորանքս Ալահշուքուր Փաշազադեին
prev Նախորդ նորություն

Ապրիլից Հայկական ատոմակայանը, մեծ հավանականությամբ, 5 ամսով դուրս կգա էներգահամակարգից

Լուսանկար՝ factor.am
Լուսանկար՝ factor.am

Ապրիլից Հայկական ատոմակայանը մեծ հավանականությամբ հինգ ամսով դուրս կգա երկրի էներգահամակարգից։ Այդ մասին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել է նախարարության 2025 թվականի գործունեության վերաբերյալ ամփոփիչ ասուլիսի ընթացքում։


Նախարարի խոսքով՝ չնայած ժամանակահատվածը բավականին երկար է, այն անսովոր չէ և նախատեսված է պլանային աշխատանքների շրջանակում։ Տարվա ընթացքում ատոմակայանում իրականացվում են նաև կարճատև վերանորոգումներ՝ մոտ մեկ ամսից մինչև 40 օր տևողությամբ, իսկ որոշակի պարբերականությամբ՝ նաև ավելի երկար պլանավորված դադարներ։


Խուդաթյանը վստահեցրել է, որ էներգահամակարգում խնդիրներ չեն առաջանա, քանի որ առկա են այլ հզորություններ, որոնք ներկայումս օգտագործվում են ոչ ամբողջ ծավալով։ Նրա տվյալներով՝ շուրջ 1100 մեգավատտ դրվածքային հզորությամբ արևային կայաններ արդեն միացված են համակարգին, և նախորդ տարվա ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի մոտ 15 տոկոսը ապահովվել է հենց դրանց միջոցով։


«Այս հզորությունները մեզ հնարավորություն են տալիս պահպանել էներգահամակարգի անխափան աշխատանքը։ Խոսքը շահագործման ժամկետի երկարացման նպատակով իրականացվող պլանավորված գործընթացի մասին է»,– նշել է նախարարը։


Անդրադառնալով Իրան–Հայաստան էլեկտրահաղորդման գծին՝ Խուդաթյանը հույս է հայտնել, որ դրա կառուցումը կավարտվի 2026 թվականին, ինչից հետո գիծը կմիանա Հայաստանի էներգահամակարգին՝ հնարավորություն տալով ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանումը դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն։


 


 

Երևանի թանկարժեք ասֆալտապատված փողոցները վերածվել են «խրամատների»
Հաջորդ նորություն next